Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները եւ անկախ վերլուծաբանները տարբեր կերպ են մեկնաբանում ՄԱԿ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները


Ադրբեջանը դարձավ միակ հարավկովկասյան պետությունը, որ երեքշաբթի օրը կայացած քվեարկության արդյունքում դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորաստեղծ խորհրդի անդամ:

Ադրբեջանցի դիվանագետների գնահատմամբ, այս քայլը պաշտոնական Բաքվի հերթական լուրջ հաղթանակն է միջազգային ասպարեզում: ՄԱԿ-ի Ժնեւյան կառույցներում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի գնահատմամբ՝ նյույորքյան ընտրության արդյունքները «վկայում են միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող դերակատարության մասին». - «Խոսքը նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մասին է»:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի գնահատմամբ, սակայն, «հարավկովկասյան պետություններից եւ ոչ մեկում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված կացությունը բարվոք չէ»:

«Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը երեք պետություններում էլ հեռու է կատարյալ լինելուց: Նույնիսկ Վրաստանում, որտեղ ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, Սահակաշվիլիի վարչակազմը չի հարգում մարդու իրավունքները, այդ երկրի քաղաքացիական հասարակությունը հիասթափված է այն հանգամանքից, որ իշխանությունները չկարողացան բարելավել իրավիճակը այս առումով: Հայաստանում ու Ադրբեջանում իրավիճակը, ըստ իս, հավասարապես վատ է», - ասում է Ալիզադեն:

Ադրբեջանի հաջողությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկության ժամանակ, ըստ Ալիզադեի, շատ հստակ բացատրություն ունի:

«Ինքներդ շատ լավ գիտեք, որ ՄԱԿ-ը մի կառույց է, որը հեռու է կատարյալ լինելուց: Ունի փայլուն կանոնակարգ, փայլուն միջազգային օրենքներ, որոնք կամ ի կատար չեն ածվում, կամ էլ, եթե գործի են դրվում՝ ուրեմն դա ձեռնտու է աշխարհի հզոր, հարուստ տերություններին: Եվ այդ տերությունները որոշեցին, որ ադրբեջանական իշխանություններին հարկավոր է «պարգեւատրել» այս խորհրդի անդամակցությամբ: Եվ դա չնայած նրան, որ երկրում առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, համատարած կոռուպցիա, համատարած ընտրակեղծիքներ: Ավելին, որպես Ադրբեջանի քաղաքացի կարող եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով իրավիճակը՝ Եվրախորհդրին անդամակցելուց հետո վատթարացել է», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG