Մատչելիության հղումներ

Եվս մեկ պատգամավոր դուրս եկավ «Օրինաց երկիր»-ից


«Օրինաց երկիր» կուսակցությունից եւ խորհրդարանական խմբակցությունից դուրս է եկել եւս մեկ պատգամավոր՝ Սամվել Շահգալդյանը: Այսպիսով, վերջին օրերի ընթացքում կուսակցությունից դուրս եկած գործարար պատգամավորների թիվը հասավ 5-ի: Ըստ որոշ աղբյուրների, այս գործընթացը Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի հրաժարականին հասնելու նպատակ է հետապնդում:

Սամվել Շահգալդյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրն է: Նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել 43-րդ ընտրատարածքից:

«Դա իրենց իրավունքն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ հավելելով, թե «այստեղ ոչ մի վտանգավոր բան կամ ողբերգություն» չի տեսնում», քանի որ կուսակցությունն ունի 62 հազար անդամ:

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների հավաստմամբ, առաջիկայում գործարարների՝ «Օրինաց երկիր»-ից դուրս գալու գործընթացը շարունակվելու է եւ այն ավարտին հասցնելը մեկ նպատակ ունի՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը:

Իսկ եթե խորհրդարանի նախագահը տեղի չտա ճնշումներին, ըստ բարձրաստիճան մի Հանրապետականի, արդեն աշխատանք կտարվի խմբակցության «արմատական օրինացերկրականների» վրա:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, կուսակցության դեմ այս արշավը նախապատրաստվում է նախագահական նստավայրում: Հովհաննես Մարգարյանը, չհերքելով այս տեղեկությունը, ասաց. - «Բոլորը լավ գիտեն, այդ թվում՝ մեր ժողովուրդը, թե ինչ է կատարվել»:

«Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ սկսվեցին բոլորովին վերջերս ինչպես մասնավորեցման ծրագրի շուրջ ծագած տարաբնույթ մեկնաբանությունները, այնպես էլ գերմանական մամուլում տեղ գտած հոդվածը... պարոն Բաղդասարյանի նկատմամբ սեւ քարոզչություն սկսվել է իրականացվել», - շարունակեց Մարգարյանը՝ հավելելով. - «Ոչինչ, մենք իմունիտետ ենք ձեռք բերել: Կոալիցիան դա հաճույք չի, կոալիցիան դա պատասխանատվություն է: Մենք էլ ենք կրում պատասխանատվություն»:

Խորհրդարանական ընդդիմադիրներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «սպասելի» բնութագրեց «Օրինաց երկիր»-ից գործարար պատգամավորների դուրս գալը՝ հաշվի առնելով Արթուր Բաղդասարյանի վերջին հայտարարությունները 2001-2003 թվականների սեփականաշնորհման, նախորդ համապետական ընտրությունների վերաբերյալ:

«Բայց համբերության բաժակը տղաների լցվեց այն ժամանակ, երբ Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ գնալու են ՆԱՏՕ, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ն է», - ասաց Գեղամյանը:

Հարցին, թե կարող է արդյո՞ք այնպես ստացվել, որ «Օրինաց երկիր»-ը տեղ գտնի ընդդիմադիր դաշտում, Գեղամյանը պատասխանեց. - «Եթե նա այդ քավարանով անցնի, սեփական մեղքերը ընդունի, եւ եթե ժողովուրդը ների, ապա կճանաչի այդ քաղաքական կառույցին որպես իր համար հոգեհարազատ, տվյալ պարագայում՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժի»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG