Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Ես եմ» փառատոնը


Ահա այսպես երեկ սկսվեց «Ես եմ» խորագիրը կրող ամենամյա կինոյի երիտասարդական փառատոնի փակման արարողությունը: Փոքրիկը ներկայացնում էր հենց այս փառատոնը, իսկ ոսկեգույն հագուստներով մարդիկ մեկ այլ հայկական կինոփառատոնի`«Ոսկե ծիրան»֊-ի խորհրդանիշերն էին:

Այս տարի «Գրան պրի» մրցանակ ոչ ոք չստացավ: Գլխավոր մրցանակին, որպես կանոն, պետք է արժանանար տարվա լավագուն խաղարկային կինոնկարը, սակայն այսօր փառատոնի կազմակերպիչ եւ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի խոսքերով՝ «այս ֆիլմերը դեռ սիրողական մակարդակի վրա են, ես այստեղ չեմ տեսնում դերասաններ»:

Արա Վահունին չհասցրեց մասնակցել այս փառատոնին. նա հեռացավ կյանքից: Փառատոնի կազմակերպիչները, հարգելով նրա հիշատակը, որոշեցին, որ այսուհետեւ վավերագրական ֆիլմերի գլխավոր մրցանակը կրելու է նրա անունը:

«Քանի դեռ Արա Վահունին կար Երեւանում եւ փողոցներով քայլում էր, նկարահանում էր ֆիլմեր եւ բոլորիս ուրախացնում, ոչ ոք չէր մտածում, թե նա ինչ երեւույթ էր: Նրան նույնպես սկսեցին գնահատել, երբ նա հեռացավ կյանքից: Տա Աստված, որ մնացած ստեղծագործողները աշխատեն երկար ու ապրեն երկար», - ասաց ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

Փառատոնն ուներ 111 մասնակից, որոնցից 25-ը արժանացան դիպլոմների, 2-ը՝ ժյուրիի հատուկ մրցանակի: Դիպլոմակիրներից 5-ը արտասահմանյան ֆիլմեր էին` Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-֊ից, Ուկրաինայից եւ Գերմանիայից: Գոռ Սարգսյանը արժանացել է լավագույն ռեժիսորական մրցանակին՝ «Փոքրիկ հեքիաթ» ֆիլմի համար: Գոռից բացի եւս 3 մասնակից արժանացան գլխավոր մրցանակների. Լեւոն Պետրոսյանը` լավագույն անիմացիոն ֆիլմի, Նարեկ Մարոնյանը` լավագույն ուսանողական ֆիլմի համար, իսկ Էլինա Հակոբջանյանին շնորհվեց Արա Վահունու անվան մրցանակը:


Կարինե Իոնեսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG