Մատչելիության հղումներ

Հայաստանը չընտրվեց ՄԱԿ-ի նորաստեղծ խորհրդի անդամ


Այսօր վաղ առավոտյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդի 47 անդամներին: Անդամության համար դիմել էին նաեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը:

Հայաստանը չընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմում, իսկ Ադրբեջանը ընտրվեց:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկ դրամատիկ պայքար էր ծավալվել Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների միջեւ: Մյուս բոլոր խմբերում ընտրությունն ավարտվեց մեկ փուլով, իսկ Հայաստանի խմբում՝ 3 փուլով: Ընդամենը 6 տեղ էր հատկացված այս խմբին, սակայն մրցում էր 13 երկիր: Հաղթելու համար երկիրը պետք է ստանար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 191 անդամների քվեների մեծամասնությունը՝ 96 քվե:

Հայաստանը դուրս մնաց պայքարից հենց առաջին փուլում՝ ստանալով 70 քվե: Վրաստանը նույնպես դուրս մնաց առաջին փուլում՝ ստանալով ընդամենը 35 ձայն:

Անհրաժեշտ քվեներ առաջին փուլում կարողացան հավաքել միայն Ռուսաստանը, Լեհաստանը եւ Չեխիան: Այս երեք երկրներից հետո ամենաշատ քվեները հավաքեց Ադրբեջանը՝ 95 ձայն: Միայն 1 ձայն չբավարարեց Ադրբեջանին՝ առաջին փուլում անցնելու համար:

Երկրորդ փուլի արդյունքներով, Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում ընտրվեցին Ադրբեջանը եւ Ուկրաինան: Ադրբեջանը ստացավ 103 քվե: Ադրբեջանը համոզիչ հաղթանակ տարավ քվեարկության ժամանակ եւ, ըստ դիտորդների, դիվանագիտական տպավորիչ առավելության հասավ, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:

Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանից, արդեն երրորդ փուլում, նորաստեղծ խորհրդի կազմում ընտրվեց նաեւ Ռումինիան:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացնում էր, թե Հայաստանի լավ շանսեր ունի ՄԱԿ-ի նորաստեղծ խորհրդում ընտրվելու համար: «Բոլոր դեսպանությունները տարբեր մայրցամաքներում շատ հետեւողական եւ արդյունավետ աշխատել են եւ կարծում եմ, որ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի ներկայացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին գումարման կազմում»:

Մինչդեռ UN Watch միջազգային կազմակերպությունը քվեարկության նախօրեին կոչ էր արել մերժել այն երկրների թեկնածությունները, որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Կազմակերպության կողմից նշված երկրների թվում էին նաեւ Հայաստանը: «Սեւ ցուցակում» էին նաեւ Ադրբեջանը, Ռուսաստանը, Կուբան եւ այլ երկրներ, որոնք, սակայն, ընտվել են խորհրդի կազմում:


Հրայր Թամրազյան, Պրաhա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG