Մատչելիության հղումներ

Հաղթանակի եւ խաղաղության տոնը հանդիսավորությամբ այսօր բացվեց «Հաղթանակ» զբոսայգում: Հայ-ռուսական զորահանդեսից առաջ երկրի քաղաքացիական, զինվորական ու հոգեւոր ղեկավարների, օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ Լռության րոպեով հարգվեց մայիսի 3-ի օդային աղետի զոհերի, ապա նաեւ՝ մարտի դաշտում զոհվածների հիշատակը:

Ելույթներ ու հանդիսավոր ճառեր չեղան: Ծաղկեսպակների դրման արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այլ աշխարհիկ բարձրաստիճաններ աղոթքի կանգնեցին: Կարճ զորաշքերթից հետո նախագահ Քոչարյանի գլխավորած շքախումբը հեռացավ:

Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Անուրանալի է հայ ժողովրդի ներդրումը Մեծ Հայրենականը հաղթանակով պսակելու գործում: Հայազգի զինվորները, սպաներն ու գեներալները մասնակցեցին պատերազմի բոլոր ճակատներում վարվող մարտերին` միշտ բարձր պահելով Հայաստանի պատիվը: Մեր տոնացույցում մայիսի 9-ը նորովի իմաստավորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ։ Այն դարձավ Արցախյան ազատամարտի եւ հայության վճռականության խորհրդանիշ։ Նշելով այս օրը՝ մենք արժանին ենք մատուցում Երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան հերոսամարտում ընկած քաջերին»:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը տոնը նշում են Ստեփանակերտում, իսկ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ մարզեր այցելությամբ:

Հայրենական պատերազմի հայաստանցի մասնակիցներից այսօր մեր կողքին ընդամենը մի քանի հազարն են ապրում: Եվ նրանցից շատերն այսօր կարիքի մեջ են ապրում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով մի քանի հազար դրամ թոշակով:

Գուրգեն Մարտիրոսյանը 18 տարեկանից կռվել է ռազմաճակատում, հասել է մինչեւ Բեռլին: Նա ավելի լավ է ապրում, քան հայաստանցի վետերանները, որովհետեւ Ռուսաստանի քաղաքացի է:

«Ստանում եմ 250 դոլար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Այդ 250 դոլարը այստեղ տես քանի մարդու թոշակ է»:

Ծննուդով ախալքալակցի Գուրգեն Մանուկյանը հպարտությամբ ասում է,որ 1000 օր կռվել է ռազմաճակատում: Նա ապրում է Հայաստանում, բայց Ղազախստանի քաղաքացի է եւ ստանում է մոտ 300 դոլար թոշակ: Ասաց, թե «սիրտը ցավում է 15 հազար դրամ թոշակ ստացող հայաստանցի վետերաններին նայելիս»:

Վաղինակ Գասպարյանը ռազմաճակատ է մեկնել 20 տարեկանում Ծաղկահովիտ գյուղից: Մի քանի անգամ վիրավորվել է: Այսօր 16 հազար դրամ թոշակ է ստանում:

Մեկ այլ վետերան՝ Մակար Ամբարյանը կատակով ասաց, թե որպես թոշակ ստանում է «հազարից 200 պակաս»:

«Դուք զգում եք, որ Հայրենական պատերազմի մասնակիցները լքված են», - շարունակեց նա: - «Մեր ղեկավարությունը պիտի մի քիչ թեքվի դեպի ժողովուրդը»:


Ռուզան Խաչատրյան եւ Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG