Մատչելիության հղումներ

Փոթորիկը դժվարացնում է Սեւ ծովում ընթացող որոնողական աշխատանքները


Սեւ ծովում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում նոր բարդություններ են ի հայտ եկել: Պատճառը կրկին ուժեղ ալեկոծությունն է, որի հետեւանքով ռուսական «Կալմար» սարքը մատնվել է անգործության:

«Սարքը չի կարողանում լիարժեք աշխատել փոթորիկի պատճառով: Ֆրանսիական սարքը, որն ավելի կատարյալ է, փոխարինելու է [«Կալմար»-ին], կամ զուգահեռ աշխատելու են», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Հարավային Ռուսաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը:

Գոմցյանի խոսքերով, որոնողական աշխատանքներում ներգրավված մասնագետները գերադասում են չխոսել «սեւ արկղերի» եւ ինքնաթիռի բեկորների դուրս բերման հնարավոր ժամկետների մասին. - «Կարող է մի բարենպաստ պահ լինել եւ նրանք կարողանան ժամկետներ ասել: Դա կախված է եղանակից եւ ստորջրյա հոսանքներից: Դրա համար այսօր ասել` 10 ժամ հետո, 7 ժամ հետո, հնարավոր չէ»:

Ինչ վերաբերում է ավիավթարի զոհերի հարազատներին կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օգնությանը, ապա այդ մասին այսօր մեկ անգամ էլ խոսել է Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

«Այն [գումարը], որ նախատեսված էր կառավարության որոշմամբ, բոլորը հասցեատերերին հասցվել է: Հիմա լրացուցիչ մենք բացել ենք հաշվեհամար: Անհատները գումարներ են փոխանցում. առաջին աշխատանքային օրը կճշտենք՝ որքան գումար է հավաքվել, եւ այդ գումարն էլ կուղղվի զոհերի հարազատներին», - այսօր լրագրողներին ասել է Հովիկ Աբրահամյանը, ով նաեւ աղետի առթիվ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է:

Հովիկ Աբրահամյանը նաեւ նշել է, որ Երեւանում կկառուցվի A320-ի աղետի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Դրա կառուցման կոնկրետ վայրը, ըստ նախարարի, առայժմ ճշտվում է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան եւ Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG