Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյան. - «Ամեն մի ազատագրված թիզ հողի վրա մի հայորդու արյուն է թափվել»


Հայաստանի պաշտպանության փոխնախարար, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի օրը կտրականապես դեմ արտահայտվեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում Ադրբեջանին տարածքներ վերադարձնելուն:

«Նման բան չկա: Ես դա չեմ հասկանում եւ չեմ էլ ընդունում», - լրագրողներին ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բացառում է նման հնարավորությունը:

Լրագրողների հարցերին պաշտպանության փոխնախարարը պատասխանեց Եռաբլուրում, ուր ԵԿՄ ղեկավարները ու բազմաթիվ անդամներ երեկ՝ Երկրապահի օրը, այցելել էին զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Մարզահամերգային համալիրում, ուր Եռաբլուր այցելությունից հետո ուղեւորվեցին երկրապահաները, Մանվել Գրիգորյանը իր ելույթում շնորհավորեց հավաքվածներին տոնի կապացությամբ՝ նշելով, որ «Երկրապահ»-ը «ինչ արել է՝ ճիշտ է արել թե’ երկրի պաշտպանության եւ թե’ կառուցման գործում»: Նրա խոսքերով, այսօր պետական սահմանում կանգնած երիտասարդները «մարտունակ են, հզոր են եւ կարող են հայրենիքը պաշտպանել ցանկացած ոտնձգությունից»:

Ելույթում փոխնախարարը կրկին անդրադարձավ տարածքների հարցին. - «Մենք հող տալու բան չունենք: Իսկ եթե կարողանում ենք ասել՝ չունենք, ուրեմն պետք է ամեն ինչի պատրաստ լինենք: Իսկ պատրաստ լինելու համար պետք է իրար հասկանանք ու կողք-կողքի կանգնենք... Չկա նման բան: Հողը ապրողինն է, ու ամեն մի ազատագրված թիզ հողի վրա մի հայորդու արյուն է թափվել»:

Գրիգորյանը շեշտեց միասնության («ինչպես 88-ին էր») կարեւորությունը. - «Մեր երկիրն այսօր նորից դրա կարիքն ունի. միայն ունենալը չէ՝ դրան տեր կանգնել է պետք: Մեր բոլորի միասնությունը, համախմբվածությունն է, որ մեր երկիրը, պետությունը ու պետական սահմաններն ամուր կպահի: Ղարաբաղյան հարցը միանշանակ բոլորիս խնդիրն է: Դա ժողովրդի խնդիրն է՝ ժողովուրդը պետք է որոշի»:

Եկույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը՝ նշելով, մասնավորապես, որ պատերազմում զոհված ազատամարտիկները «այսօր ամաչելու բան չունեն». - «Տղերք, վախենամ, մե'նք ունենանք», - շարունակեց նա: - «Որովհետեւ մենք այս երկրին լավ տիրություն չենք անում: Իսկ տիրոջ իրավունքը դուք ձեր կենսագրությամբ եք վաստակել: Ու եկել է ժամանակը, որ մենք ինքներս մեզ հարց տանք՝ տե՞ր ենք, թե՞ ոչ: Որովհետեւ, երբ իրական տերը տիրություն չի անում, տիրություն անողներ գտնվում են թե’ երկրի ներսում, թե’ դրսում: Փորձում են տիրություն անել ժողովրդից գողացած փողերով, կեղծ հայրենասիրությամբ, պոպուլիզմով, օտարին ծառայություններ մատուցելով... Ու եթե մենք տիրություն չանենք, այդպես էլ կլինի: Բայց ես վստահ եմ, տղերք, ու վստահաբար ձեզ ասում եմ՝ դուք պարտադրված եք այս երկրին տեր լինելու: Դուք պիտի լինեք տերը այս երկրի ներկայի ու ապագայի»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար, ԵԿՄ պատվավոր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, թե կարեւոր է ոչ միայն այն, որ երկրի սահմանները պաշտպանվեն, այլեւ՝ որ հայը իր հայրենիքում ազատ ապրի. - «Երկիր պահողը պիտի լինի ոչ թե իշխանի պահող, այլ քաղաքացու, ազատության, իրավունքի պաշտպան»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG