Մատչելիության հղումներ

Կդառնա արդյո՞ք Հայաստանը ՄԱԿ-ի խորհրդի անդամ


Մայիսի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում սկսվելու են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդի ընտրությունները, որին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Նորաստեղծ այդ կառույցի 47 տեղերի համար պայքարում է 65 երկիր: Ամենաթեժ պայքարը սպասվում է Արեւելյան Եվրոպայի խմբի համար, որին հատկացվել է 6 տեղ:

ՄԱԿ-ի տեղեկատվության կենտրոնի հաղորդմամբ, արեւելաեվրոպական խմբում պայքարում են 13 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բալթյան պետությունները, Ալբանիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան եւ Չեխիան:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ մարտի 15-ին քվեարկել էր հօգուտ Մարդու իրավունքների խորհրդի ձեւավորման: 47 անդամներից բաղկացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը պետք է պարբարերաբար ուսումնասիրի ՄԱԿ-ի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների մասին զեկույցները: Խորհրդի որոշումները պարտադիր բնույթ են կրելու: Նորաստեղծ կառույցը փոխարինելու է Ժնեւում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների՝ 53 անդամ ունեցող հանձնաժողովին:

«Մարդու իրավունքների պաշտպանվածությունը կմնա պետությունների խնդիրը, իսկ խորհուրդը մեխանիզմներ է իր մեջ պարունակում վերահսկելու, նոր ստանդարտներ առաջարկելու, գնահատականներ տալու եւ օպերատիվ արձագանքելու որեւէ երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքում: Խորհուրդը, փաստորեն, դառնում է Գլխավոր ասամբլեայի մարմին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա, Հայաստանը՝ 2002 թվականից լինելով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, 2004 թվականին վերընտրվել էր մինչեւ 2007 թվականը:

«Որքան գիտեմ, Երեւանում արդեն որոշումը կայացված է, որ Հայաստանը առաջադրելու է իր թեկնածությունը Մարդու իրավունքների առաջին գումարման խորհրդին անդամակցելու համար», - նշել էր Արմեն Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG