Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը «ակնհայտ» է համարում առաջընթացը


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստից առաջ գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը լրագրողներին ասաց, որ անցյալ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է 12 միլիոն 700 հազար դոլար: 2003 թվականին այդ թիվը կազմում էր ընդամենը 5 միլիոն դոլար: Առաջընթացը, Նաիրա Մելքումյանի գնահատականով, ակնհայտ է:

Նա հայտնեց նաեւ, որ այս տարի Թելեթոնը նույնպես նվիրված կլինի «Արցախի վերածնունդ» եռամյա ծրագրին:

Մելքումյանը նաեւ ասաց, թե ինքը վստահ է, որ հայ ժողովուրդը «կարող է ավելի շատ հանգանակել համահայկական խնդիրների լուծման համար»:

«Ես չեմ կարող ասել, որ 12 միլիոն 700 հազարը դա մեր ժողովրդի պոտենցիալն է», - ասաց նա: - «Մենք վստահ ենք, որ շատ ավելի մեծ պոտենցիալ [կա]: Ես կարծում եմ, տարեկան մոտ 20 միլիոն, 25 միլիոն՝ դա պետք է լինի մեզ համար սովորական երեւույթ»:

Այդուհանդերձ, արդեն հանգանակված գումարները «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին հիմք են տալիս հայտարարելու, որ հիմնադրամը «վստահություն ունի ե’ւ մեր սփյուռքում, ե’ւ Հայաստանում»:

Անգենտինահայ համայնքը ներկայացնող Ջորջ Վատպարոնյանի ձեւակերպմամբ, սակայն՝ «ոչ ոք կատարյալ չէ»: Այդուհանդերձ, նրա կարծիքով, հիմնադրամի 10-15 տարվա աշխատանքի ընթացքում ահռելի առաջընթաց է գրանցվել:

«Մենք կուզեինք, որ աշխատանքի որակը բարելավվեր», - ցանկություն հնչեցրեց Վատպարոնյանը: - «Մենք կարծում ենք, որ շինարարությունը այնքան լավ որակի չէ: Պատճառներից մեկը շինարարական բումն է Հայաստանում եւ Ղարաբաղում: Շինարարական ընկերությունները մի փոքր անփույթ են դարձել եւ այնքան չեն մտահոգվում որակով, որքան հարկն է: Բայց դա կարող է շտկվել»:

Հիմնադրամի աշխատանքում շտկումների անհրաժեշտություն է տեսնում նաեւ Գերմանիայի տեղական մարմնի վարչության անդամ Ռուբեն Վասիլյանը՝ շեշտադրելով հիմնականում կատարվող աշխատանքի որակն ու դրա վերահսկողությունը:

Իսկ սփյուռքահայության ներգրավվածությունը բարձրացնելու համար, Վասիլյանի կարծիքով, անհրաժեշտ է, որ «վստահություն լինի». - «Ամենից կարեւոր կետերից մեկը նա է, որ վստահություն լինի: Արտասահմանում կան մարդիկ, որ վստահություն չունեն՝ սխալ թե ճիշտ պատճառներով: Մենք նաեւ պիտի թափանցիկ լինենք՝ լավ թե վատ կետերը պիտի ասենք եւ ոչ թե միայն լավերը ասենք, իսկ վատերը ծածկենք»:

Ավելի լավատես էր այսօր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված հայտնի ամերիկահայ փաստաբան Մարկ Գերագոսը: Նա վստահ է, որ գնալով ավելանալու է ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ ամերիկացիների մասնակցությունը Թելեթոնին՝ խոստանալով հաջորդ տարի ներգրավել հոլիվուդյան աստղերի, ում շահերի պաշտպանն է եղել:

Իրականացված աշխատանքների որակի կապակցությամբ դժգոհություն հնչեցրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը. - «Մենք պրոբլեմ ունենք աշխատանքների որակի հետ կապված եւ գտնում ենք, որ հիմնադրամի կողմից պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացվի»:

Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստին մասնակցում էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարում՝ Մարկ Գերագոսը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG