Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Սխալ վարկածները զոհվածների հարազատների մոտ կարող են շոկ առաջացնել»


Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհուրդ է տվել կանխակալ վարկածներ չհրապարակել Երեւան-Սոչի չվերթի A320 ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ:

«Սխալ վարկածները մեր հայրենակիցների, զոհվածների հարազատների, մտերիմների մոտ հոգեբանական որոշակի շոկ կարող են առաջացնել», - նշել է վարչապետը, հորդորելով եւս մի քանի օր սպասել մասնագետների եզրակացությանը: «Մանավանդ, որ մենք արդեն «սեւ արկղերը» գտնելու ճանապարհին ենք», - ընդգծել է Անդրանիկ Մարգարյանը։

«Երբ այդ բոլորը հայտնի կդառնա, պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Բնականաբար, կառավարության ներկայացուցիչները մասնակցում են այդ գործընթացներին։ Դուք անընդհատ տեղեկատվություն եք ստանում Սոչիից։ Պաշտպանության նախարարը գտնվում է այնտեղ, մասնակցում է ռուսական հանձնաժողովի աշխատանքներին։ ՀՀ Գլխավոր դատախազությունը մասնակցում է Սոչիում տեղի ունեցող հետաքննությանը, առանձին խումբ է ուղարկել Վրաստան ու այդ փաստաթղթերը մենք արդեն ունենք», - շեշտել է վարչապետը։

Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը օպերատիվ արձագանքելու եւ ունեցած նյութերը տրամադրելու համար։ «Ե'վ ռուսական կողմը, ե'ւ վրացական կողմը շատ օպերատիվ արձագանքում են մեր բոլոր ցանկություններին։ Մենք բոլորս էլ ցանկություն ունենք բուն պատճառները պարզելու եւ իմանալու: Նաեւ ֆրանսիական կողմը՝ քանի որ նրանք շահագրգիռ են ցույց տալու իրենց ինքնաթիռի բարեմասնությունները»:

«Սակայն այստեղ օբյեկտիվ գնահատական է լինելու, ոչ թե մեկ երկրի սուբյեկտիվ գնահատական», - եզրափակել է Անդրանիկ Մարգարյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG