Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Միջազգային ահաբեկչությունը եւ չկարգավորված հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացումը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում այսօր մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում հայտարարել է, թե տարածաշրջանի զարգացումը խոչընդոտում են միջազգային ահաբեկչությունը եւ չկարգավորված հակամարտությունները

«Աշխարհը պետք է միավորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում. այդ երեւույթի դեմ հնարավոր չէ միայնակ պայքարել», - ըստ day.az-ի, նշել է Իլհամ Ալիեւը:

Նախագահ Ալիեւը ասել է, թե Ադրբեջանը նույնպես տուժել է ահաբեկչությունից: «Մենք [ղարաբաղյան] հակամարտության խաղաղ կարգավորում ենք ուզում եւ գտնում ենք, որ այդ հնարավորությունները առայժմ սպառված չեն: Սակայն մեր համբերությունը անսպառ չէ»:

Ադրբեջանի նախագահը նաեւ շեշտել է, որ «նավթատար եւ գազատար խողովակաշարերի գործարկումը, ինչպես նաեւ Հյուսիս - Հարավ եւ Արեւելք - Արեւմուտք տրանսպորտային միջանցքների իրագործումը կծառայի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»:

Գագաթնաժողովում նախատեսվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բաքու մեկնելու ճանապարհին Թուրքիայի վարչապետը հայտարարել է. - «Ես ասելիք ունեմ Իրանի նախագահին»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG