Մատչելիության հղումներ

logo-print

Խավիեր Սոլանա. «Ղարաբաղի հարցում հնարավոր ճեղքման տարրեր են նկատվում»


Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան այսօր կարծիք է հայտնել, թե Ղարաբաղի հարցում «հնարավոր ճեղքման տարրեր են նկատվում»:

Ելույթ ունենալով Վիլնյուսում՝ Բալթյան եւ Սեւծովյան երկրների ղեկավարների համաժողովում, Սոլանան ասել է. - «Կցանկանայի առանձնացնել Լեռնային Ղարաբաղը: Այստեղ մենք հնարավոր ճեղքման տարրեր ենք տեսնում»:

Խավիեր Սոլանան ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնելու «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը. - «Բայց կողմերն իրենք պետք է պատասխանատվություն ստանձնեն եւ հասնեն խնդրի լուծմանը»:

Համաժողովում, որին մասնակցում է ԱՄՆ-֊ի փոխնախագահ Դիկ Չեյնին, այսօր ելույթ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին, նախարարն ընդգծել է, որ «նավթային պաշարներով եւ նավթի ներկայիս բարձր գներով ադրբեջանական կողմը, դժբախտաբար, եկել է համոզման կամ, առնվազն, հրապարակայնորեն հայտարարում է, որ ձեռքի տակ ունեն խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակ: Նման մտածողությամբ փոխզիջման գնալը հեշտ չի լինի: Սակայն, Եվրամիության եւ միջազգային հանրության կողմից նրանց պետք է հստակ ասվի, որ խնդիրը չունի լուծման ռազմական ճանապարհ եւ որ կարգավորմանը հասնելու համար պետք է արվեն անհրաժեշտ փոխզիջումներ, որոնք Հայաստանն արդեն արել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG