Մատչելիության հղումներ

Կառավարությունը 1,5 միլիոն դրամ կվճարի յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին


Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում պահուստային ֆոնդից գումարներ հատկացրեց ավիավթարի հետեւանքով զոհվածների աճյունների տեղափոխման ու նրանց հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակով։ Յուրաքանչյուր զոհվածի ընտանիք կստանա 1,5 միլիոն դրամի (մոտ 3,3 հազար ԱՄՆ դոլարի) օգնություն:

Ավիավթարի կապակցությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ, պետական բյուջեից 129 մլն դրամ կհատկացվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ զոհվածների հուղարկավորությանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով։ Կբացվի համապատասխան հաշիվ, որին գումարներ փոխանցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ գործարարները:

Նախարարի փոխանցմամբ, ավիավթարի կապակցությամբ ընդունված որոշումն ուղարկվել է հանրապետության նախագահի ստորագրմանը ու արդեն վաղվանից գումարները կփոխանցվեն հասցեատերերին՝ սոցիալական ծառայության տարածքային մարմինների միջոցով:

Աբրահամյանը նաեւ ճշտեց, որ որոշումը վերաբերում է այն աղետյալներին, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին:

«Իսկ եթե կլինեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ բայց հայազգի, ովքեր կցանկանան իրենց հարազատների աճյունները այստեղ տեղափոխել, մենք պատրաստ ենք իրենց աջակցել ու օգնել», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տարածքային կառավարման նախարարը տեղեկացրեց, որ օրվա վերջին, մոտավորապես ժամը 22-ի սահմաններում իրենք սպասում են առաջին օդանավին, որը Երեւան կհասցնի աղետի հետեւանքով զոհվածների աճյունները:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG