Մատչելիության հղումներ

Իգոր Լեւիտին. «Որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր զոհերի մարմինները եւ ինքնաթիռի բոլոր բեկորները հանվեն»


Այսօր կեսգիշերին հայտնաբերվել է Երեւան-Սոչի չվերթով թռչող ինքնաթիռի 48 զոհի մարմին, որից 17-ը՝ ճանաչվել:

«Որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր զոհերի մարմինները եւ ինքնաթիռի բոլոր բեկորները հանվեն», - հայտարարեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

A320 oդանավի «սեւ արկղերը» դեռ հայտնաբերված չեն: Աղետի վայր են ժամանել ինքաթիռն արտադրող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները, ովքեր օգնելու են գտնել «սեւ արկղերը»: Հայտնաբերված են ինքնաթիռի անիվներն ու պոչային մասը:

Որեւէ կողմ խուսափում է խոսել նախնական պաշտոնական կամ աշխատանքային վարկածի մասին, քանի դեռ հայտնաբերված եւ վերծանված չեն սեւ արկղերը:

«Հստակ է երկու բան. ինքաթիռը Երեւանից թռել է սարքին վիճակում եւ եղանակային պայմանները եղել են շատ բարդ, երբ ինքաթիռը փորձել է վայրէջք կատարել», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքնաթիռը ստուգել են բելգիական Sabina ընկերության ներկայացուցիչները եւ թռիչքից առաջ փաստաթուղթ կազմել, որ այն պատրաստ է թռիչքի:

Սերժ Սարգսյանը հերքեց վառելիքի պակասի մասին վարկածը. - «Այնքան վառելիք կար ինքնաթիռում, որ կբավականացներ նման 4 չվերթի»:

Հայաստանի պաշտպանության նախարարը հերքեց նաեւ «Վրացաերոնավիգացիա» ընկերության պաշտոնյայի պնդումը, թե ընկերությունը ունի օդանավի անձնակազմի հետ խոսակցությունների ձայնագրությունների 90 տոկոսը, սակայն դրանք որեւէ կողմի չեն հետաքրքրել: «Այդպես չէ: Դեպքի առիթով Հայաստանում նույնպես քրեական գործ է հարուցված: Գլխավոր դատախազության ներկայացուցիչը երեկ մեկնել է Թբիլիսի՝ ստանալու այդ նյութերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերժ Սարգսյանը:

Իգոր Լեւիտինը, իր հերթին, ավելացրեց. - «Ցանկացած տեղեկատվությունից, որը կարող ենք ձեռք բերել, օգտվում ենք, եւ Սերժ Սարգսյանի հետ այդ խնդրի շուրջ պայմանավորվել ենք: Այժմ փորձագետները վերծանում են Ռուսաստանի դիսպետչերների հետ անձնակազմի զրույցի ձայնագրությունը»:


Ռուզան Խաչատրյան, Սոչի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG