Մատչելիության հղումներ

logo-print

Վաղը Վրաստանը Հայաստանին կփոխանցի վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի հետ խոսակցությունների ձայնագրությունը


Վաղը «Վրացաերոնավիգացիա» ընկերությունը հայկական կողմին կփոխանցի Սեւ ծովում վթարի ենթարկված հայկական ինքաթիռի անձնակազմի եւ վրացի դիսպետչերների միջեւ խոսակցության ձայնագրությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին:

«Ըստ էության, վրացի դիսպետչերներն ունեն ինքնաթիռի ողջ չվերթի ձայնագրությունը՝ բացառությամբ վերջին 5-10 րոպեների, երբ ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: Սակայն մինչեւ Երեւանի ժամանակով 16.00 որեւէ մեկը վրացական կողմին այդ ձայնագրությունը ստանալու խնդրանքով չի դիմել», - ասաց ընկերության ղեկավարը:

«Մենք չէինք հրապարակում որեւէ տեղեկատվություն: Բայց, երբ ռուսական լրատվամիջոցները սկսեցին ինչ-որ տեղեկություններ հաղորդել, մենք կապվեցինք Վրաստանում Հայաստանի դեսպանի, խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրդի հետ, մամուլի ասուլիս հրավիրեցինք: Մենք առաջնորդվում ենք միջազգային օրենքներով ու կանոններով: Դրանց համաձայն՝ բոլոր այն երկրները, որոնք մասնակցում են թռիչքի իրականացմանը, տրամադրում են իրենց ունեցած տեղեկությունները: Ռուսական կողմը չի կարող հետաքննությունն իրականացնել առանց Վրաստանի եւ Հայաստանի»,֊ - փաստեց Կարբելաշվիլին:

Ընկերության ղեկավարին զարմացրել է, մասնավորապես, այն փաստը, որ Ռուսաստանը հետաքննող խումբ է ստեղծել, սակայն առայժմ վրացական կողմից այս կարեւոր տեղեկատվությունը ստանալու ուղղությամբ որեւէ քայլ չի արել:

«Մենք չենք ասում` ո՞վ է մեղավոր: Դա մեր գործը չէ: Մենք միայն ասում ենք, որ ունենք կարեւոր ինֆորմացիա. թռիչքի 90 տոկոսի ձայնագրությունը, որը կարող է օգտակար լինել վթարի պատճառները պարզելու համար»:

«Եթե լսեք ձայնագրությունը, այնտեղ Ռոստովի դիսպետչերները շատ տհաճ արտահայտություններ են անում, սակայն ես այժմ չեմ ուզում այդ մասին խոսել, թող ձեր դեսպանը որոշի` արժե՞ արդյոք դրանք հրապարակել», - ասաց Գեորգի Կարբելաշվիլին` առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը:


Արմեն Քոլոյան, Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG