Մատչելիության հղումներ

Airbus ընկերությունը առայժմ հրաժարվում է մեկնաբանություններից


Հայկական օդանավի վթարից հետո Airbus ընկերությունը հայտարարել է, որ 6 մասնագետներ է գործուղում Սոչի՝ Երեւան - Սոչի չվերթն իրականացնող «Արմավիա»-ի օդանավի վթարի պատճառներն ուսումնասիրելու համար: Իսկ մինչ այդ ընկերությունը հրաժարվում է մեկնաբանություններից:

Airbus-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2006 թվականի փետրվարի դրությամբ աշխարհի 121 ավիաընկերություններ շահագործվում են գրեթե 1500 A320, որոնք, ընդհանուր առմամբ, կատարել են ավելի քան 17,5 միլիոն թռիչք:

A320-ի պատմությունը, մինչդեռ, սկսվել է ողբերգությամբ: 1988 թվականի հունիսի 26-ին ֆրանսիական Հաբսհեյմում տեղի ունեցող ավանդական ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ A320-ը վայր էր ընկել ու պայթել: Պաշտոնապես հայտարարվեց, թե վթարը տեղի էր ունեցել օդաչուների սխալի պատճառով, սակայն իրականում հետաքննությունը այդպես էլ չպատասխանեց մի շարք հարցերի: Ավելին՝ շվեյցարացի մասնագետները հայտարարեցին, որ արդեն վթարից հետո թռիչքի մասին տեղեկություններ գրանցող սարքավորումը փոխարինվել էր, ինչը կասկածի տակ դրեց նախնական հետաքննության բոլոր եզրակացությունները:

Ընդհանրապես, Airbus A320-ի վթարների մեծ մասը, ըստ պաշտոնական տեղեկությունների, տեղի է ունեցել օդաչուների սխալի հետեւանքով:

Անկախ փորձագետները, մինչդեռ, խնդիրը դիտարկում են փոքր-ինչ այլ տեսանկյունից՝ նշելով, որ էքստրեմալ պայմաններում հաշվի չի առնված մարդկային գործոնը, որ օդաչուն հաճախ չի կարող միջամտել եւ փոխել A320-ի՝ ամբողջությամբ կոմյուտերիզացված թռիչքային պարամետրերը: Իսկ էլեկտրոնային հարյուրավոր ցուցիչներով հագեցած վահանակը, մի կողմից, թույլ չի տալիս ճիշտ գնահատել իրական պատկերը, մյուս կողմից՝ շեղում է օդաչուների ուշադրությունը:

Կոմերցիոն շահագործման առաջին օրվանից ի վեր տեղի էր ունեցել A320-ի 3 վթար: 1990 փետրվարին «Հնդկական ավիաուղիներ»-ի օդանավը վայր ընկավ Բանգալորում: Զոհվեց 90 մարդ: Պատճառը համակարգիչների խափանումն ու օդաչուների սխալն էր: 1992-ի հունվարի 20-ին Լիոնից Ստրասբուրգ թռչող A320-ը վատ տեսանելիության պայմաններում բախվեց ժայռին, զոհվեցին 87 մարդ: Այստեղ սակայն, տեղի ունեցավ մի փոքր հրաշք՝ ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից 8-ը փրկվեցին: Վթարի պաշտոնական պատճառը կրկին օդաչուների սխալն էր: 2000 թվականի օգոստոսի 25-ին «Գոլֆ Ավիա» ընկերության A320-ը Բահրեյնի մոտ ընկավ ծովը՝ խլելով 143 մարդկանց կյանքը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG