Մատչելիության հղումներ

Երեւան – Սոչի չվերթn իրականացնող «Արմավիա» ընկերության Airbus A320 օդանավի վթարի պատճառների մասին վարկածն առայժմ նույնն է՝ անբարենպաստ եղանակ:

Առավոտյան ժամը 11-ին լրացուցիչ թռիչք է եղել Երեւան – Սոչի, որով տեղափոխել են զոհվածների հարազատներից ոմանց: Ավելի ուշ ծրագրված է երկրորդ չվերթը, որով կմեկնեն զոհվածների հարազատները ու լրագրողներ:

Իսկ ժամը 17-ի սահմաններում Երեւանում վայրէջք կատարեց «Արմավիա»-ի օդանավը, որով ժամանել էին այն ուղեւորները, ովքեր պետք է վթարի ենթարկված օդանավով գային Երեւան: Բոլորն էլ հուզված էին Սոչիի օդանավակայանում տեսածից ու լսած կցկտուր տեղեկություններից:

«Ահավոր վիճակ էր ժողովրդի վիճակը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սոչիից ժամանած մի կին: - «Մեր հայ տղամարդիկ չեք պատկերացնի ինչ վիճակի մեջ էին»:

Բոլոր ուղեւորներն ասում էին, թե լսել են, որ ավիավթարի պատճառը վատ եղանակն էր, բայց ոչ բոլորն էին հավատում պաշտոնապես տարածած այդ տեղեկություններին:

«Մենք այդ եղանակով եկել ենք Սոչի ամսի 26-ին [ապրիլի]: Նույն եղանակի պայմաններում ինքնաթիռը վայրէջք է կատարել», - ասաց նույն կինը:

«Արմավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Աշխարհաբեկ Քալանթարը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «սեւ արկղը» դեռ չեն գտել: Այլ տեղեկություններ դեռեւս չկան:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը Ադլերի օդակայանում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նա հույս է հայտնել, որ ինքնաթիռի «սեւ արկղերը» կարող են լինել հայտնաբերված բեկորներից մեկի մեջ:

«Եթե նույնիսկ արդեն բարձրացված բեկորների մեջ դրանք չկան, հատուկ տեխնիկայի ժամանումից հետո դրանք հնարավոր կլինի բարձրացնել», - ասել է Լեւիտինը:

Ըստ BBC-ի, ծովի հատակից բարձրացվել է ինքնաթիռի պոչային մասը. այն հիմա ուսումնասիրվում է:

Քննիչները նաեւ այժմ ուսումնասիրում են ինքնաթիռի օդաչուների եւ դիսպետչերական ծառայության միջեւ վերջին խոսակցության ձայնագրությունը:

Ուկրաինայի արտգործնախարարությունը հաստատել է, որ ինքնաթիռի ուղեւորների թվում Ուկրաինայի քաղաքացի մի կին է եղել: Նրա անունը չի հրապարակվում, քանի որ չկա հարազատների համաձայնությունը:

Ռուսաստանում Վրաստանի դեսպանատունը հաստատել է, որ ինքնաթիռի ուղեւորներից մեկը Վրաստանի քաղաքացի Օսկանատ Մանվելյանն է եղել, ով Սոչի էր մեկնել իր տիկնոջ հետ, որը Հայաստանի քաղաքացի էր:

Հռոմի պապ Բենեդիկտոս տասնվեցերորդը ցավակցություն է հայտնել կոհվածների ընտանիքներին:

«Ասոշիեյթեդ փրես»֊ի վկայությամբ՝ Եվրամիության անունից վթարի զոհերի հարազատներին իր խորը ցավակցությունն է հայտնել նաեւ կազմակերպության ավստրիական նախագահությունը:

Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսը, ով այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ընդունելություն էր կազմակերպել լրագրողների համար, հայտնեց, որ, տեղեկանալով հայկական ինքնաթիռի վթարի մասին, ուզում էր չեղյալ հայտարարել ընդունելությունը, բայց, ի վերջո, որոշեց այն օգտագործել որպես առիթ զոհվածների հարազատներին իր խորին ցավակցությունը հայտնելու համար:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG