Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ավիավթարի զոհերի ընտանիքներին օգնելու նպատակով


Ազգային ժողովի այսօրվա նիստը ընդհատվեց «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ: Իսկ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի, այլ պատգամավորների առաջարկությամբ ստեղծվեց մի հանձնախումբ՝ Գեղամյանի ձեւակերպմամբ՝ «զոհվածների հարազատներին ամենաօպերատիվ գոնե աջակցությունն ու օգնությունը ցույց տալու» նպատակով: Հանձնախմբում ներկայացված են բոլոր խմբերն ու խմբակցությունները:

Էջմաիծնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ իր ընտրատարածքից 18 ուղեւորներ են եղել ինքնաթիռում, եւ ինքը նրանց պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել. - «Իմ կողմից յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին ես հազարական դոլար եմ տալիս»:

Ըստ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորներից շատերը Սոչի էին մեկնում մասնակցելու «Պրոմեթեյ» ընկերության տնօրեն Սենիկ Գեւորգյանի կազմակերպած միջոցառմանը: Ըստ նախնական տեղեկությունների, Սենիկ Գեւորգյանն այնտեղ հանգստյան տում է կառուցել, որի բացումն էր ծրագրվում այսօր: Զոհվածների թվում է եղել նաեւ «Պրոմեթեյ» ընկերության երեւանյան կառույցի ղեկավար, խորհրդային Հայաստանի Պետանվտանգության վերջին ղեկավար Հուսիկ Հարությունյանը, «Զվարթնոց» օդանավակայանի VIP ծառայության ղեկավար Ալբերտ Ազարյանը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Կարլոս Պետրոսյանի որդին՝ Արամ Պետրոսյանը, Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին ղեկավար Վյաչեսլավ Յարալովը՝ տիկնոջ հետ:

Երեւան - Սոչի չվերթում գրանցում է ունեցել նաեւ «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ում վերջին պահին քրոջ ամուսինը՝ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հորդորել է չմեկնել:

Գերմանական DPA գործակալությունը հաղորդում է, որ երկու մարդ՝ Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ, փաստորեն փրկվել են, քանի որ նրանց թույլ չեն տվել մտնել ինքնաթիռ՝ փաստաթղթերում եղած թերությունների պատճառով:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG