Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է. - «Ոչ երրորդ գումարման Ազգային ժողովը, ոչ էլ կոալիցիան հավերժական չեն: Սա, վստահ եմ, ոչ ոք չի վիճարկի: Ակնհայտ է, որ կոալիցիայից դուրս գալու համար լուրջ տարաձայնություններ են պետք, որոնք այլեւս հնարավոր չէ հաղթահարել: Այո, ես հայտարարեցի, որ երկրի նախագահի կամ մեր կոալիցիոն գործընկերների համար դժվարություններ չենք ստեղծի, եւ եթե գաղափարների ու գործելակերպի անհամատեղելիություն ստեղծվի, «Օրինաց երկիր»-ը կոալիցիայից դուրս կգա»: Անդրադառնալով գերմանական թերթին տված հարցազրույցին՝ Բաղդասարյանը նշում է. - «Որեւէ թերթի հարցազրույցում ես ոչ մի նոր, իմ հրապարակային ելույթները հերքող ոչինչ չեմ ասել... Վերջապես՝ երբ ասվում է, որ Հայաստանի ապագան «Ռուսաստան - Բելառուս» դաշինքը չէ, պարզ է բոլորին: Իսկ ինչո՞ւ է ԱԺ-ում 2003-ի սեպտեմբերից եվրաինտեգրման հարցերով հանձնաժողով ստեղծվել՝ «Ռուսաստան - Բելառուս» դաշինքին անդամագրվելո՞ւ, թե՞ եվրոպական կառույցների հետ համագործակցությունը խորացնելու եւ Եվրամիության անդամակցության հիմքեր ստեղծելու համար... Եվ եթե ես որպես քաղաքական գործիչ իմ երկիրը տեսնում եմ արեւմտյան արժեքային համակարգում, դա ամենեւին չի նշանակում, թե ես դեմ եմ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին»:

«Այն, որ ընդդիմությունն ու ՄԱԿ-ը այդքան ջանադիր պաշտպանելու են Արթուր Բաղդասարյանին, անակնկալ էր ոչ միայն ՕԵԿ-ի, այլ ՀՀԿ-ի համար, որը միտք ուներ Հմայակի ձեռքերով փչացնել կոալիցիոն իր հակառակորդին», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը: Թերթի ձեւակերպմամբ, Հմայակ Հովհաննիսյանը, ամփոփելով «քաղաքական սկսված պրոցեսը», ասել է. - «Պետք է եզրակացնենք, որ երեկ Արթուր Բաղդասարյանը ստացավ քարտ բլանշ՝ այսուհետ ներկայանալու որպես Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ»: «Թե ո՞րն է լինելու ՕԵԿ-ին մատուցված վրեժի սառը բլյուդը, արդեն իսկ հայտնի է. այս օրերին նախագահական նստավայրից հետեւողական աշխատանքներ են տարվում ՕԵԿ խմբակցության գործարար պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս մեկ միասնական ակտով դուրս գան խմբակցությունից», - կանխորոշում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ»-ում Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը ասում է. - «Կարծում եմ՝ Ազգային ժողովի նախագահը, լինելով Անվտանգության խորհրդի անդամ, պետք է առաջին հերթին այդ ատյանում իր տեսակետը հայտնի։ Որովհետեւ մեր ազգային անվտանգության հեռանկարը որոշվում է այդ ատյանում, եւ դրա արտահայտողը Սահմանադրությամբ, հանրապետության նախագահն է»։ «Ազգ»-ը մեջբերում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արձագանքը. - «Ազգային ժողովի նախագահի վարվելակերպը նախադեպ է, որի դեմը պիտի առնենք, որպեսզի չկրկնվի»:

Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Առավոտ»-ը ներկայացնում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի ուղերձը. - «Հայաստանում ժողովրդավարության աճի համար անհրաժեշտ է առավել ազատ ու անկախ մամուլի կայացումը: Այս ճակատում Հայաստանի առաջընթացի համար կարեւոր փորձություն կլինեն 2007 թվականի խորհրդարանական ու 2008 թվականի նախագահական ընտրությունները... Թե ՀՀ իշխանությունները, թե լրատվամիջոցները պետք է ստանձնեն առավել ազատ ու անկախ մամուլ ձեւավորելու պատասխանատվությունը: Հեռուստաընկերությունները պետք է հնարավորություն ունենան հեռարձակել ընդդիմադիր, ինչպես նաեւ կառավարող դաշինքի ներկայացուցիչներին, լուսաբանել բոլոր հարցերը արդարացի կերպով՝ առանց հետեւանքներից վախենալու»:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը հայ լրագրողներիս համար եւս մասնագիտական տոն է, առիթ, որպեսզի լրագրողները միմյանց ասեն տարվա ընթացքում կուտակվածը, բարձրաձայնեն խնդիրները եւ հուսան, որ մի օր էլ Հայաստանի լրատվական դաշտը կկայանա, կամրանա, նրա հետ հաշվի կնստեն ավելի, քան այժմ են հաշվի նստում մեր իշխանավորները», - գրում է «Ազգ»-ը: - «Իսկ այդ բոլորից առավել կարեւորը՝ հնարավորություն կստանա որպես բիզնես ծավալվելու, ֆինանսական քիչ թե շատ անկախություն կստանա եւ այլեւս չի ենթարկվի պետական մեքենայի, փողատերերի եւ այլոց ճնշումներին: Հայաստանի քաղաքացին էլ իրավունք կունենա հուսալու, որ կստանա վերջապես խմբերի ու պետական կառույցների կողմից չուղղորդված լրատվություն եւ կկարողանա իրացնել իր տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքը»:

«Freedom House-ի եւ այդօրինակ այլ կազմակերպությունների պատրաստած վարկանիշներն ընդհանուր քիչ բան ունեն իրականության հետ, ինչը բազմիցս ապացուցել ենք կոնկրետ փաստերով», - գնահատում է «Հայոց Աշխարհ»-ը։

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանին համոզել է կասեցնել դատախազությունից նախաքննություն իրականացնելու լիազորությունը ետ վերցնելու գործընթացը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ հիշեցնելով. - «Նման գաղափար է առաջ քաշել ՀՀ դատաիրավական համակարգը ՀՀ փոփոխված Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու հարցերով զբաղվող աշխատանքային խումբը` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ղեկավարությամբ»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, օրեր առաջ հայտնի ռեստորաններից մեկում միմյանց են հանդիպել հանցաշխարհի ներկայացուցիչներ, նախարարների եւ օլիգարխների թիկնապահներ, որոնց «խնջույքի» թեման եղել է առաջիկա նախագահական-խորհրդարանական ընտրություններում վերադասավորումը. - «Հավաքվածները որոշում էին, թե իշխանության հատկապես որ կուսակցությանն է պետք աջակցել եւ անդամագրվել»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG