Մատչելիության հղումներ

Ախալքալակից դուրս է բերվել ռուսական ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը


Անցած գիշեր Ախալքալակի 62-րդ ռուսական ռազմակայանից դուրս է բերվել ռուսական ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը:

Վրաստանի պաշտպանության նախարարությունից ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ մոտ երկու տասնյակ բեռնատար մեքենաներ շարժվել են դեպի Ծալկա, որտեղից էլ ռազմակայանի ծանր տեխնիկան պետք է տեղափոխվի Գյումրիի 102-րդ ռազմակայան:

Ըստ աղբյուրի, զորատեխնիկայի դուրսբերումը իրականացվել է նախատեսվածից 6 ժամ շուտ՝ «խուսափելու համար Ախալքալակի հայ բնակչության հետ բախումներից»:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ մարտի 31-ին կնքված համաձայնագրով Ախալքալակի ռազմակայանը Վրաստանի տարածքից պետք է դուրս բերվի մինչեւ տարեվերջ:

Ենթադրվում է, որ 358 միավոր զորատեխնիկա ծովով տեղափոխվելու է Ռուսաստան, եւս 369 միավոր տեխնիկա տեղափոխվելու է Գյումրիի 102-րդ ռազմակայան:

«Ա-ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ախալքալակի ռուսական ռազմակայանի դուրսբերման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ջավախքի հայկական կազմակերպությունների խորհուրդը. - «Ջավախքից ռուսական ռազմակայանի դուրս բերման մասին Ռուսաստան - Վրաստան միջպետական համաձայնության կիրառումը, փաստորեն անտեսում է Ջավախքի ժողովրդի կենսական խնդիրները, ինչը իրավացիորեն Ջավախքի ժողովրդի մոտ առաջացրել է խորը անհանգստություն»։

«Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին, հետագա սրացումներից խուսափելու համար, անմիջապես երկխոսության մեջ մտնել Ջավախքի ներկայացուցիչների հետ եւ համատեղ ձեռնարկել երկրամասի բնակչության սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների լուծման ծրագրի մշակմանը», - ասված է հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG