Մատչելիության հղումներ

logo-print

«Իրաք գործուղած խաղաղապահներով Հայաստանը աջակցում է Միացյալ Նահանգներին»


Oրերս ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին ներկայացված ահաբեկչության մասին տարեկան զեկույցում Հայաստանի մասին ասվում է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների էական օգնությամբ շարունակում է ավելացնել ահաբեկչական վտանգներին հակազդելու կարողությունները:

«Հայաստանի ներսում ահաբեկչական խմբավորումներ հայտնի չեն, սակայն երկրի աշխարհագրական դիրքը, ոչ բոլոր հատվածներում սահմանների պատշաճ հսկողությունը եւ ոչ խիստ վիզային ռեժիմը ստեղծում են մարդկանց չվերահսկվող ելումուտի եւ արգելված նյութերի մաքսանենգության հնարավորություն», - ասված է զեկույցում: Նշվում է նաեւ ապօրինի ֆինանսական գործառույթների վտանգը:

Կառավարությունը, ըստ զեկույցի հեղինակների, խորացնում է հարեւան Իրանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, ինչն, իր հերթին, երկու երկրների միջեւ ավելի սերտ դիվանագիտական կապ է ստեղծում եւ սահմանափակում է իրանական ծայրահեղականությունը քննադատելու Հայաստանի հնարավորությունները:

Հայաստանը բնականոն դիվանագիտական եւ տնտեսական կապեր ունի նաեւ Սիրիայի հետ: Զեկույցում նշվում է, որ թե' Իրանում եւ թե' Սիրիայում կան հայկական խոշոր համայնքներ:

«Փետրվարին Հայաստանի կառավարությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ Կենտրոնական բանկի համակարգում ստեղծել է ֆինանսական մոնիտորինգի կենտրոն, որը կոչված է վերահսկել եւ բացահայտել բանկային կասկածելի փոխանցումները եւ «փողի լվացման» դեպքերը: Ահաբեկչության հետ կապված ֆինանսական գործառույթներ չեն գրանցվել»: Զեկույցում նշվում է, որ դա ինքնին շատ բարդ խնդիր է, հաշվի առնելով փոխանցումների մեծ քանակը. - «Նորաստեղծ այդ կենտրոնը տակավին չի կարող համարվել արդյունավետ կառույց, դրա գործունեության առաջին տարին կենտրոնի կայացման, աշխատանքի հստակեցման, ուսուցման եւ վերլուծության ժամանակաշրջան էր»:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ Հայաստանը, շարունակել է ջանքեր գործադրել կարեւոր փաստաթղթերի՝ ծննդյան վկայականների եւ անձնագրերի կեղծումը բացառելու համար, մասնավորապես, սկսվել է փաստաթղթերում պաշտպանական շերտերի օգտագործումը: Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղյակ են պահում ամերիկյան ապօրինի վիզաներ եւ այլ կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու մասին:

Զեկույցում ասվում է, որ Իրաք գործուղած խաղաղապահներով Հայաստանը աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Նշվում է նաեւ, որ Հայաստանն իր օդային տարածքն է տրամադրել «Հարատեւ ազատություն» ռազմական գործողության համար: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհներից հետո ԱՄՆ-ի զինված ուժերն այդ գործողությամբ պատասխան հարված են հասցրել Աֆղանստանում ապաստանած Ալ Ղաեդայի ահաբեկիչներին եւ տապալել են նրանց հովանավորող թալիբների ռեժիմը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG