Մատչելիության հղումներ

Այսօր գիշեր Երեւան-Սոչի չվերթ կատարելիս աղետի է ենթարկվել «Արմավիա» ավիաընկերության A-320 օդանավը: Օդանավում եղել է 113 մարդ՝ անձնակազմի 8 անդամ եւ 105 ուղեւոր: Ըստ նախնական տեղեկությունների, օդանավում գտնվող բոլոր մարդիկ մահացել են:

Դեպքի վայր ժամանած Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Շեպելը ասել է, որ ավիավթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղանակային վատ պայմաններն են:

«Բոլոր հաշվարկները վկայում են, որ վթարի պատճառը չափազանց անբարենպաստ եղանակային պայմաններն են», - ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտարարել է Շեպելը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախնական վարկածի համաձայն ավիավթարի պատճառը անբարենպաստ եղանակն է եղել: Օդանավի հետ կապը կորել է Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելու հաշվարկային ժամանակից վեց րոպե առաջ, ժամը 2:15-ին (Մոսկվայի ժամանակով): Ինչպես հետագայում պարզվել է, օդանավը վթարի է ենթարկվել ծովափից 5 կիլոմետր հեռու: Կործանված օդանավի բեկորները հայտնաբերվել են 300 մետր խորության վրա:

Ներկա դրությամբ Սեւ ծովում հայտնաբերվել է 25 ուղեւորի դիակ: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները շարունակում են որոնումները, բայց դրանց խոչընդոտում է անբարենպաստ եղանակը:

Ուղեւորներից 77-ը Հայաստանի քաղաքացի, մեկական՝ Ուկրաինայի եւ Վրաստանի, իսկ 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ՝ ազգությամբ հայ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նաեւ հաղորդում է, որ զոհվածների թվում է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Հուսիկ Հարությունյանը:

Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռի վթարի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ վարչապետի, պաշտպանության, տարածքային կառավարման նախարարների, գլխավոր դատախազի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարների մասնակցությամբ:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը ներկայացրել է ինքնաթիռի վթարի հետ կապված մանրանասները:
Նախագահ Քոչարյանի հանձնարարությամբ Ռուսաստանյան Դաշնություն կմեկնի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ վթարի պատճառներն ու հանգամանքներն տեղում ուսումնասիրելու նպատակով:

Որոշվել է տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի զոհվածների աճյունների տեղափոխման եւ հուղարկավորության հետ կապված հարցերով: Գլխավոր դատախազը զեկուցել է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG