Մատչելիության հղումներ

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 12-րդ նիստի ավարտին հրավիրված ասուլիսում ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի գծով համակարգող Թոմ Ադամսը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կողմնակից չէ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը:

Ասուլիսում Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը փոխանցեց, որ նիստում ընթացել է բաց ու անկեղծ քննարկում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ՝ Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությունից մինչեւ գիտության եւ կրթության զարգացման խնդիրներ։

Քննարկման առանցքում, ըստ նախարարի, եղել են «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հայաստանյան ծրագրի, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության, մասնավորապես, Մեծամորի ԱԷԿ-ի փակման, դրան համարժեք էներգետիկ կարողությունների ստեղծման եւ ընդհանրապես տարածաշրջանում ընթացող էներգետիկ ծրագրերը ու դրանցում Հայաստանի մասնակցության խնդիրները։

Վարդան Խաչատրյանը ասաց, որ իրենք ամերիկյան կողմին փոխանցել են Հայաստանում 1000 մեգավատտ հզորությամբ նոր ատոմակայան կառուցելու մտադրությունը. - «Մեր ռազմավարության մեջ ցանկալի տարբերակներից մեկը այն է, որ երբ այն բլոկը փակվի, ապա հենց այդ օրը աշխատի երկրորդ ատոմակայանը»:

Սակայն ամերիկյան կողմի համար նման տարբերակը, թերեւս, անընդունելի է։ Նա լավագույն դեպքում կարող է օգնել Հայաստանին փակել գործող ԱԷԿ-ը։

«Հայկական ԱԷԿ-ի փակման հարցը լրջագույն հարց է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի ժողովրդի համար։ Սա իսկապես մեծ որոշում է, որ Հայաստանը պետք է անի մոտակա մի քանի տարվա ընթացքում. այստեղ անվտանգության եւ ապահովության հարցեր կան, որ վերաբերում են Հայաստանին եւ իր հարեւաններին, այստեղ նաեւ հսկայական տնտեսական եւ մակրոտնտեսական հետեւանքներ կարող են լինել», - ասաց ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի ու Եվրասիայի գծով համակարգող Թոմ Ադամսը:

«Այստեղ նաեւ ռազմավարական հարց կա, որ կապված է Հայաստանի էներգետիկ անվտանգության հետ», - հավելեց նա՝ ասելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Հայաստանի իշխանություններին, որպեսզի միարժեք ճիշտ որոշում ընդունվի։

Ինչ վերաբերում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու ծրագրերին, ապա Թոմ Ադամսը բառացիորեն ասաց հետեւյալը. - «Այս պահին մեր դիրքորոշումն այն է, որ լավագույն այլընտրանք կա երկրորդ ատոմակայանին՝ հաշվի առնելով սեյսմիկ վտանգը, երկրաշարժի հավանականությունը: Այդ պատճառով այս պահին մենք կողմնակից չենք երկրորդ ատոմակայանի կառուցմանը, եւ ես չեմ կարծում, որ ամերիկյան որեւէ ընկերություն Հայաստանում երկրորդ ատոմակայան կկառուցի»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած լարվածության եւ հայ - ամերիկյան հարաբերություների, ընդհանրապես Հայաստանի իրականացրած ծրագրերի վրա դրա հնարավոր անդրադարձի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելու իրավունքը Ադամսը փոխանցեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին: «Որեւէ բան չի փոխվել։ Մենք իսկապես քննարկել ենք էներգետիկ հարցերը։ Մենք հասկանում ենք Հայաստանի իրավիճակը։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ներկա իրավիճակում կարիք ունի դիվերսիֆիկացնել իր էներգետիկան»։

«Կոնկրետ այստեղ նկատի ունեմ գազը», - նկատի ունենալով Իրան - Հայաստան գազամուղը, շարունակեց Էվանսը: - «Ու թեեւ ամերիկյան օրենսդրությունը իր ընկերություններին արգելում է ներդրումներ անել Իրանում, սակայն, սա այդ դեպքը չէ: Մենք այսօր այդ հարցը չենք քննարկել»։

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձեւավորվել է 2000 թվականին՝ երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման ու Միացյալ Նահանգների կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի արդյունավետության մեծացման շուրջ միջկառավարական երկխոսություններն ինստիտու-ցիոնալ մակարդակի հասցնելու նպատակով: Աշխատանքային խումբը տարեկան երկու անգամ գումարում է նիստեր Վաշինգտոնում եւ Երեւանում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան 1,6 միլիարդ դոլարի զարգացման եւ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG