Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրը


Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց հայաստանյան մամուլում հայտնված տեղեկատվությունը իր պաշտոնանկության մասին:

«Այս պահի դրությամբ ես այդպիսի բան չեմ լսել», - ասաց Խաչատրյանը: - «Վաղը ինչեր կարող են փոխվել՝ չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել. այդպիսի բան ես չեմ լսել»:

Կառավարության լրատվական վարչության պետ Մերի Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին նույնպես հայտնեց, որ մինչ այս պահը կառավարության նման որոշում չկա:

Պատասխանելով ապրիլի 28-ին Գորիսում հնչած կրակոցներին վերաբերող հարցին, Սուրեն Խաչատրյանը չհերքեց միջադեպը՝ հերքելով, սակայն, թե իր ազգականն ու թիկնապահը մասնակցել են դրան:

«Չի կարող պատահել: Ես այդպիսի ազգական չունեմ... Այդ Ծիկոն իմ ազգականը չի, ոչ էլ իմ մոտիկ բարեկամն է», - ասաց Խաչատրյանը՝ թիկնապահի վերաբերյալ էլ ավելացնելով. - «Թիկնապահը ընդհանրապես կապ չունի... Մարզպետի նստավայրի կոքին են եղել այդ կրակոցները: Նստավայրի առաջին հարկում բուֆետ է: Կարող է ինչ-որ մեկը նրան [թիկնապահին] այդտեղ տեսել է, դա չի նշանակում, որ մասնակցել է: Ինքը ուրիշ տեղ չէր կարող հայտնվել, որովհետեւ այդտեղ իմ նստավայրն է, եւ մշակույթի նախարարին իր պատվիրակության հետ ես այդտեղ եմ ընդունել մինչեւ ուշ երեկո»:

Սուրեն Խաչատրյանը ասաց, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել եւ շարունակեց. - «Երեւի թե գործը հարուցվել է: Էդ ախմախը խմած էր: Ինքը ընդհանրապես խմող է՝ էդ ով որ կրակել է: Արկադի է անունը՝ Ագո են ասում: Ազգանունը չեմ կարող ասել, չգիտեմ»:

Հայաստանի ոստիկանության լրատվական վարչությունից, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե, ըստ ամփոփագրերի, նման միջադեպ Գորիսում չի արձանագրվել:

«Առավոտ» թերթը այսօր գրել էր, թե ապրիլի 28-ին Գորիսի «Տիգրան Մեծ» ռեստորանում «բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ ոմն Ագո, ընդհարվել է Սյունիքի մարզպետի թիկնապահ՝ սափրագլուխ Զարզանդի եւ Լիսկայի բարեկամներից մեկի՝ ոմն Ծիկոյի հետ: Զինվորականը ստիպված է եղել նախազգուշական կրակոցով զսպել մարզպետի «ամենակարող» մերձավորներին»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG