Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


««Ոչ ազատ»: Ահա դատավճռի պես հնչող այն՝ ցավոք ճշմարիտ շտամպը, որը ժամանակ առ ժամանակ ծանր բռունցքի պես իջնում է մեր երկրի ճակատին: Սակայն մամուլի անազատության համար պատասխանատուներին այդ բռնցքահարվածները կարծես ամենեւին չեն անհանգստացնում», - նշված է «Առավոտ»-ի խմբագրականում: - «Ամենացավալին այն է, որ անցումային կոչվող այս մղձավանջային ու արդեն գրեթե հավերժական դարձած շրջապտույտում հասարակությունն այդպես էլ չի հասցնում հասկանալ, թե վերջիվերջո իր ինչին է պետք մամուլի ազատությունը... Մինչդեռ մամուլի ու առհասարակ` խոսքի ազատությունը խիստ օգտակար եւ անչափ կիրառական նշանակություն ունի, որի համար հաստատ արժե կռիվ տալ: Մի պահ պատկերացրեք, որ ազատ հեռուստաեթերով ու տասնյակ հազարների հասնող տպաքանակ ունեցող թերթերով առավոտից երեկո միլիոնանոց լսարանին են մատուցվում ճշմարտացի ռեպորտաժներ՝ կաշառակեր պաշտոնյաների, դատարկագլուխ պատգամավորների եւ հարկ չվճարող հաբռգած օլիգարխների մասին: Վստահ եղեք, որ այդժամ հասարակությունը շեշտակիորեն կինքնամաքրվի, իսկ կյանքն անհամեմատ արդարացի, հետեւաբար՝ անհամեմատ տանելի կդառնա»:

«Աշխատավորների օրը տեղեկացանք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համալրել է գործազուրկների բանակը՝ ազատվելով իր պաշտոնից: Նրա փոխարեն մարզը ղեկավարելու է Սիսիանում ծնված, Գորիսում մեծացած տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը: Նա մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ առայժմ նման հրամանագիր չկա, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը, ինքը կմտածի», - գրում է «Տարեգիր»-ը՝ հավելելով. - «Մեզ չհաջողվեց պարզել՝ կրակոցները հնչել են իբրեւ մարզպետի պաշտոնանկության համազա՞րկ, ի նշանավորումն աշխատավորների տոնի՞, թե՞ մայիսի 21-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ»:

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջիկայում ազատվելու է իր պաշտոնից եւ նշանակվելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ», - իր հերթին փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Ապրիլի 28-ին Գորիսի «Տիգրան Մեծ» ռեստորանում տեղի է ունեցել հերթական միջադեպը, - ներկայացնում է «Առավոտ»-ը: - «Բարձրաստիճան զինվորականներից մեկը՝ ոմն Ագո, ընդհարվել է Սյունիքի մարզպետի թիկնապահ՝ սափրագլուխ Զարզանդի եւ Լիսկայի բարեկամներից մեկի՝ ոմն Ծիկոյի հետ: Զինվորականը ստիպված է եղել նախազգուշական կրակոցով զսպել մարզպետի «ամենակարող» մերձավորներին: Կատարվածը որեւէ կառույցի կողմից չի մեկնաբանվում: Երեկ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ազատվել է իր պաշտոնից: Սակայն այս՝ վաղուց հասունացած որոշումը դեռեւս պաշտոնապես չի հրապարակվել»:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի առաջիկա ընտրությունների մասին ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Հիմա էլ Ֆադեյ Սարգսյանը այստեղ է, նստած է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի աշխատասենյակում եւ ամեն օր մարդկանց է ընդունում, շտաբը աշխատում է, եւ ուզում են, որ իրենց մարդկանց անցկացնեն։ Փաստորեն նույն նախագահությունն է շարունակում գործել, նույն Ֆադեյ Սարգսյանի գլխավորությամբ, որը ղեկավարում է այդ շտաբը։ Եվ բնական է, որ նրանք կցանկանան պղտոր ջրում ձուկ որսալ։ Ինչպես ասում են՝ տակից աշխատում են եւ ուզում են իրենց խմբավորումից մեկին դարձնել նախագահ»:

Նույն թերթի գնահատմամբ՝ աշխատավորների համերաշխության օրվան՝ Մայիսի 1-ին «բաժին ընկած ճակատագիրը մեզանում աշխատավորների եւ նրանց շահերի պաշտպանության վիճակի հարազատ արտացոլումն է». - «Մայիսմեկյան տոնակատարությունները վերստին վկայեցին աշխատավորների համերաշխության օրվա քաղաքական իմաստի ու նշանակության հանդեպ մեզանում ձեւավորված ակնհայտորեն անտարբեր վերաբերմունքի մասին»։

«Ռայկոմները գնացին ձորերում եւ դաշտերում նշելու» վերնագրի ներքո «Իրավունք»-ում շարադրված է. - «Oրացուցային այս օրը մնացած օրերից տարբերվում էր, թերեւս, մեկ բանով. հերթական առիթն էր, որպեսզի աշակերտներն ու ուսուցիչները դպրոց չգնային, ուսանողներն ու դասախոսները՝ բուհեր, պետական չինովնիկները տարբեր գերատեսչություններ ու նախարարություններ»: «Իրավունք»-ի հարցին, թե Կոմկուսի կազմակերպած երթից ու հանրահավաքից հետո երբեմնի «մայովկաների» նման խնջույք նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ, կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը պատասխանել է. - «Մեր ռայկոմները գնալու են ձորերում եւ դաշտերում նշելու, իսկ խնջույք թող իրենց վիլլաներում, քոթեջներում, նախագահական պալատներում անեն այսօրվա իշխանավորները»:

«Աշխատանք չունեցող եւ գործազուրկ աշխատավորների համերաշխության առումով մայիսի 1-ը միանգամայն անիմաստ տոն ու անիմաստ հանգստի օր էր, որովհետեւ առանց այդ էլ նրանք տարի տասներկու ամիս համերաշխորեն հանգստանում են», - գրում է «Տարեգիր»-ը: - «Ստացվում է, որ մայիսի 1-ը ոչ թե աշխատավորների, այլ միայն բյուրոկրատների ու պաշտոնյաների հանգստյան օրն էր. այդ օրը նրանք կուտակվեցին զանազան ռեստորաններում, կերան-խմեցին եւ նշեցին իրենց իսկ վերականգնած տոնը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG