Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի քաղաքագետները վերլուծում են Ալիեւի ամերիկյան այցը


Ադրբեջանցի քաղագետները փորձում են հասկանալ՝ ի՞նչ տվեց Ադրբեջանին Իլհամ Ալիեւի այցը Վաշինգտոն՝ նախեւառաջ ղարաբաղյան կարգավորման առումով:

Անկախ վերլուծաբան Իլգար Մամեդովի խոսքով, Իլհամ Ալիեւին Վաշինգտոն էին հրավիրել, նախեւառաջ, էներգետիկ ու ռազմաքաղաքական խնդիրներից խոսելու նպատակով:

Ադրբեջանը, ըստ Մամեդովի, բանակցային այս փուլում «առաջին անգամ հնարավորություն է ստացել միջազգային հանրության առջեւ Ղարաբաղի հարցը ներկայացնել իրանյան խնդրի համատեքստում, եւ պետք չէ բացառել, որ նոր հորիզոններ բացվեն ղարաբաղյան կարգավորման առումով»:

Մեկ այլ վերլուծաբան՝ Ռասիմ Մուսաբեկովը, գրեթե համոզված է, որ առաջիկա շաբաթներին ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը ակտիվանալու են: Քաղաքագետը չի բացառում, որ շուտով Միացյալ Նահանգներ հրավիրեն նաեւ Հայաստանի նախագահին:

«Իլհամ Ալիեւի այցը Վաշինգտոն կարգավորմանն ուղղված ջանքերի մի մասն էր: Որքան ես հասկանում եմ, առաջիկայում Վաշինգտոն են հրավիրելու նաեւ Ռոբերտ Քոչարյանին՝ այս հարցը քննարկելու նպատակով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քաղաքագետը:

Այս լույսի ներքո Ռասիմ Մուսաբեկովը բավական լավատես է. - «Կողմերն այսօր ընդամենը երկու հարցի շուրջ է, որ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, այդ թվում կարգավիճակի որոշման ձեւի. պարզ չէ այնտեղ հանրաքվե՞ է նախատեսվում, թե ինչ-որ միջանկյալ կարգավիճակ»:

«Բավական լուրջ նախապատրաստական աշխատանք կատարվել է, եւ եթե ինչ-որ ձեւակերպումներ գտնվեն, գուցե մի կետ էլ ավելանա. այդ պարագայում ոչ միայն հնարավոր է, որ ինչ-որ առաջընթաց լինի, այլեւ պարզ է դառնում, որ Սթիվեն Մաննի եւ պետքարտուղարի օգնականի լավատեսական հայտարարությունները, թե կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնության կայացմանը, հիմնավոր էին», - կարծում է Մուսաբեկովը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG