Մատչելիության հղումներ

Թոմաս Մելիա. «Հայաստանը շարժվում է մի քանի ուղղություններով»


«Նախկին Խորհրդային Միության մյուս երկրների պես, Հայաստանը միաժամանակ շարժվում է մի քանի ուղղություններով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր փոխտնօրեն Թոմաս Մելիան:

«Հստակորեն կա շարժում, բայց այն ոչ միշտ է դեպի առավել ազատությունը կամ ժողովրդավարության ինստիտուտների առավել առաջխաղացումը: Որոշ բաներ ավելի լավն են դառնում, որոշ բաներ՝ ավելի վատ: Հայաստանը այն երկրներից է, որոնք խաչմերուկին են», - ասաց Թոմաս Մելիան եւ ավելացրեց. - «Այն ոլորտներում, որոնք մենք ուսումնասիրել ենք նախորդ զեկույցներում, համադրելով, կտեսնեք, որ էական առաջխաղացում չկա: Վերջերս այն լճացել է»:

Անդրադառնալով մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության օրվա նախօրեին Freedom House-ի հրապարակած տարեկան զեկույցի Հայաստանին վերաբերող գլխին, Թոմաս Մելիան ասաց. - «Դժբախտաբար, Հայաստանը մամուլի ազատության համար որպես ոչ ազատ հանգամանքներ ունեցող երկիր է դասակարգված: Հիմնական խնդիրը մամուլի այլընտրանքային բազմազանության պակասությունն է: Դա նշանակում է՝ չկան մեդիայի մասնավոր անկախ սեփականատերեր, ովքեր լրագրողներին կպաշտպանեն պրոֆեսիոնալ աշխատանք անելու համար, իրադարձությունները հետաքննելու համար, նկատվում է նաեւ ինքնագրաքննության մեծացում, հատկապես՝ հեռարձակվող լրատվամիջոցներում»:

«Հայաստանում մամուլի ազատության խնդիրներից է, հատկապես, «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը, ինչն արդեն չորս տարի է՝ խնդրո առարկա է», - եզրափակեց Freedom House-ի գործադիր փոխտնօրենը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG