Մատչելիության հղումներ

Freedom House. Հայաստանում «հանրային հեռարձակումները անկախ չեն»


«Պաշտոնապես Հայաստանում գրաքննություն չկա, այդուամենայնիվ, նախագահի աշխատակազմը իր քաղաքականությունն է թելադրում, հատկապես հանրային հեռուստատեսությանը», - ասվում է Freedom House-ի` օրերս հրապարակված զեկույցում:

«Չնայած լրատվամիջոցների բազմազանությանը`մի քանի խոշոր լրատվամիջոցներ գտնվում են իշխանությունների ազդեցության տակ, եւ հանրային հեռարձակումները անկախ չեն», - փաստում է հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունը:

Ըստ Freedom House-ի, անցած տարի մամուլի ազատության բնագավառում Հայաստանն առաջընթաց չի արձանագրել. - «Չնայած Եվրախորհրդի ու տեղական կառույցների`«Ա1+» անկախ հեռուստաընկերությանը եթեր տրամադրելու հորդորներին, իշխանությունը 7-րդ անգամ մերժեց հեռուստաընկեության մրցութային առաջարկը», - փաստում է զեկույցը:

«Ընդդիմադիր հայացքներ արտահայտողներին հաճախ ահաբեկում են, ենթարկում են բռնությունների ու հալածանքների», - շարունակում են զեկույցի հեղինակները: - «Ճիշտ է, լրագրողի վրա հարձակում գործելու համար 2004 թվականին ինչ-որ մեկը վեց ամսվա ազատազրկման դատապարտվեց, սակայն մինչեւ վերջ չկրեց իր պատիժն ու տարեվերջին ազատ արձակվեց»:

Կազմակերպությունը մատնանշում է նաեւ տպագիր մամուլի կախվածությունը քաղաքական ու գործարար խմբավորումներից. - «Թերթերը տպագրվում են փոքր տպաքանակներով եւ կենտրոնացած են հիմնականում մայրաքաղաքում, այդ պատճառով էլ հեռուստատեսությունն ամենատարածվածն է: Այստեղ էլ, սակայն, գործում են տնտեսական լծակները. իշխանությունները ակնհայտ քաղաքական ճնշման չեն ենթարկում հեռուստաընկերություններին, սակայն գովազդատուներին ուղղորդելու միջոցով, այդուամենայնիվ, ազդում են հեռարձակման վրա»:

«Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումները մի քանի օրով խափանվեցին. ինչպեսեւ 2004 թվականին, պաշտոնական մեկնաբանությունը նույնն էր՝ տեխնիկական պատճառներով», - զեկույցի վերջում արձանագրում է Freedom House-ը:

Ընդհանուր առմամբ, սրանք են այն հիմնական բացթողումները, որոնց արդյունքում այս էլ 4 տարին անընդմեջ Հայաստանը բնորոշվում է որպես մի երկիր, որտեղ մամուլն ազատ չէ: Նշենք, որ 2002 թվականի զեկույցում Հայաստանը դասվում էր մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG