Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը ապրիլի)

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է ադրբեջանական «Զերկալո» թերթի հոդվածը, որտեղ նշված է. - «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջին փուլում ո՛չ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ո՛չ էլ պաշտոնական Բաքուն՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: «Հիմնախնդիրը պետք է կարգավորվի «step by step» (քայլ-քայլ) սկզբունքով»: Համաձայն այս տարբերակի, հակամարտ կողմերը մի շարք «միջանկյալ» համաձայնագրեր են ստորագրելու, որոնք վերաբերելու են զորքերի դուրս բերմանը, փախստականների վերադարձին եւ անվտանգության ապահովմանը: Ուշադրության է արժանի այն, որ Լեռնային Ղարաբաղը «միջանկյալ կարգավիճակ» է ստանալու, իսկ Արցախի վերջնական կարգավիճակը կորոշվի միայն կարգավորման ամենավերջին փուլում: Ադրբեջանական պարբերականն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ այս տարբերակը չեն մերժել ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները: ««Միջանկյալ կարգավիճակը» մի կողմից միջազգային-իրավական չէ, մյուս կողմից թույլ կտա Լեռնային Ղարաբաղի հայերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ նրանց դուրս բերել միջազգային մեկուսացումից: Բացի այդ, միջազգային կազմակերպությունները եւ բոլոր պետությունները կկարողանան Լեռնային Ղարաբաղի հետ օրինական հարաբերություններ հաստատել»,- գրում է «Զերկալո»-ն եւ ավելացնում, թե կարգավորման այս տարբերակը գոհացնում է բոլոր կողմերին»:

«Առավոտ»-ը ներկայացնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե Վան դեր Լինդենի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը: Հարցազրույցում ԵԽԽՎ-ի նախագահը, մասնավորապես, ասում է. - «Ես համոզված եմ, որ այս հակամարտությունն անհրաժեշտ է լուծել՝ առաջին հերթին ելնելով երիտասարդ սերնդի շահերից: Իմ կարծիքով, Հայաստանից դուրս կան շատ մարդիկ, որոնք դրդում են Հայաստանի կառավարությանը եւ ընդդիմությանը այս կամ այն ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդների ապագան շատ ավելի կարեւոր է, քան Հայաստանից դուրս բնակվող հայերի զգացմունքները»:

«Այն ժամանակ, երբ Իլհամ Ալիեւը հանդիպում էր Ջորջ Բուշի հետ, ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ գնահատելով. - «Իրավիճակը ցավալի է նրանով, որ հայկական դիվանագիտությունը արդեն իսկ դարձել է ռեֆլեքսային մակարդակով կանխատեսելի: Ու եթե Ադրբեջանի նախագահը հանդիպում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ, Հայաստանի նախագահին այլ բան չի մնում, քան զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»:

«Առավոտ»-ի հարցազրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը պնդում է. - «Օր առաջ հարկավոր է անցկացնել Ազգային ժողովի եւ նախագահական արտահերթ ընտրություններ: Սա եզակի փրկօղակ կարող է լինել այս ձախողված, անսկզբունքայնության, խաբեության մեջ բացահայտված ու վտանգավոր դարձած իշխանությունների համար... Ստեղծված իրավիճակում մենք պետք է, պատրաստ լինելով ցանկացած պահի արմատական անակնկալների՝ պիտի պատրաստ լինենք վերցնել իշխանությունը մեր ձեռքը: Այս իշխանություններն արդեն իսկ գոյություն չունեն: Իրենց հանդուրժում են մի կողմից՝ ԱՄՆ-ն, մյուս կողմից՝ ՌԴ-ն, այն պարզ պատճառով, որ հանգուցալուծման է մոտեցել մայր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Կովկասի հեռանկարային զարգացումներն ապահովող խնդիրների լուծումը»: «Այս իշխանություններն արդեն պետք է ճարահատյալ կյանքի կոչեն իրենց տված բազում խոստումները ԱՄՆ-ին, ՌԴ-ին եւ Եվրամիությանը: Իսկ այդ խոստումներն անհամատեղելի են՝ այն, ինչ խոստացել են ԱՄՆ-ին, անընդունելի է ՌԴ-ի համար, եւ հակառակը», - եզրափակում է Գեղամյանը:

«Հայոց Աշխարհ»-ում անդրադառնալով քաղաքական միավորումների ձեւավորման հարցին, պատգամավոր Շավարշ Քոչարյանը նկատում է. - «Մեխանիկական միավորումները ժամանակին իրենց դերը կատարել են։ Դրանց ձեւավորումը ժողովրդի մեջ որոշակի վստահություն առաջացնում էր, քանի որ քանակապես բազմաթիվ ուժեր էին համախմբվում, եւ հասարակությունն այդ հանգամանքը դրական էր գնահատում։ Բայց այսօր դա այլեւս բավարար չի լինելու հաջողության հասնելու համար։ Առաջնային է դառնալու կոնկրետ ծրագրերով եւ մոտեցումներով իբրեւ իշխանությանն իրական այլընտրանք ներկայանալը»։

«Այսօր ԱՄՆ-ը եւ Եվրոպան մեծ նշանակություն են տալիս կոռուպցիայի դեմ պայքարին, իսկ դա նշանակում է, որ 2007 թվականին կուսակցությունների նախընտրական ծրագրերը աչք կծակեն այդ չարիքի դեմ անհաշտ պայքարի նախընտրական թեզիսներով», - ուրվագծում է «Գոլոս Արմենիի»-ին: -«Կոռուպցիա կա նույնիսկ ամենազարգացած երկրներում, բայց այդ երկրներում կա նաեւ պայքար կոռուպցիայի դեմ: Իսկ մեր երկրում դեռ երկար կխոսեն կոռուպցիայի մասին՝ հատկապես նախընտրական շրջանում»: «Կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք է անհրաժեշտ. այդ կամքն այսօր չունեն ո’չ իշխանությունները, ո’չ ընդդիմությունը, եւ հայացք ձգելով եկող տարվան՝ դժվար է ակնկալել էական տեղաշարժեր», - շեշտադրում է թերթի մեկնաբանը:

«Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի՝ մարտ-ապրիլ ամիսներին անցկացրած հարցման արդյունքում, հարցմամբ ընդգրկվածների գերակշիռ մասը՝ 81 տոկոս, գտնում է, որ ԱԺ-ն իր ներկա կազմով բիզնես էլիտայի շահերն արտահայտող եւ պաշտպանող մարմին է, եւ միայն 1 տոկոսն է համաձայն, որ խորհրդարանը արտահայտում է հասարակության շահերը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG