Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան. «Ընտրությունների արդյունքներից է կախված վարչապետ լինելս»


Անդրանիկ Մարգարյանն այսօր ասել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններից է կախված՝ կմնա արդյո՞ք ինքը վարչապետի պաշտոնում: «Չեմ կարող կանխատեսել, թե քանի տոկոս ձայն կստանա Հանրապետական կուսակցությունը»,֊ - ասել է վարչապետը, որն այսօր մասնակցել է 120 կանանց Հանրապետական կուսակցության անդամատոմսերի հանձնման արարողությանը:

Անդրանիկ Մարգարյանը նաեւ ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ նոր նախընտրական կոալիցիա ստեղծելու մասին խոսելը դեռ վաղ է, եւ նման հարց առայժմ իրենց կուսակցությունում չի քննարկվել:

Անդրադառնալով Ադրբեջանի աննախադեպ տնտեսական աճին, վարչապետը նշել է. - «Եթե Ադրբեջանը առաջին եռամսյակում ունեցել է ավելի քան 40 տոկոս աճ, մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք»: Նա առանձնապես շեշտել է տեղեկատվական տեխնոլոգիաները եւ զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Hարցին, թե որտեղ է տեսնում իր տեղը, եթե հաջորդ նախագահական ընտրություններից հետո վարչապետ դառնա Ռոբերտ Քոչարյանը, Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. - «Հայաստանում»:

Կիրակի օրը Հանրապետական կուսակցության ինտերնետային էջում զետեղված հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաեւ գնահատական է տվել կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ վերջերս գերմանական թերթերից մեկի հարցազրույցում արված ակնարկին, թե Հայաստանում տեղի ունեցած նախորդ բոլոր (թե' նախագահական, թե' խորհրդարանական) ընտրությունները կեղծվել են:

«Կասկածում եմ, որ Արթուր Բաղդասարյանը նկատի է ունեցել 2003 թվականի համապետական ընտրությունները, քանի որ 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը այն հիմնական կուսակցություններից էր, որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին», - հայտարարել է ՀՀԿ-ի նախագահը եւ շարունակել. - «Իսկ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների, քաղաքական համաձայնության ձեռքբերման արդյունքնում Բաղդասարյանը զբաղեցրեց Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը եւ այս երեք տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին թե ԱԺ-ում, թե կառավարությունում, ՕԵԿ-ը ունեցել է ակտիվ մասնակցություն եւ հետեւաբար ունի պատասխանատվության իր բաժինը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG