Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Ադրբեջանը շատ կարեւոր դեր ունի աշխարհում էներգետիկ անվտանգությունն ապահովելու գործում»


ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը շատ կարեւոր դեր ունի աշխարհի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

«Ես գնահատում եմ Ադրբեջանի կառավարության եւ նախագահի դիրքորոշումը այն հարցում, որը բոլորիս ցանկացածն է՝ նպաստել աշխարհի էներգետիկ անվտանգությանը»,֊ - ասել է նախագահ Բուշը այսօր Սպիտակ տանը իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւին ընդունելուց հետո:

«Մենք, բնականաբար, խոսել ենք նաեւ Իրանի մասին: Ես հավաստիացրել եմ Ադրբեջանի նախագահին, որ ցանկանում եմ դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը»,֊ - լրագրողներին ասել է Ջորջ Բուշը:

Որոշ վերլուծաբաններ հանդիպումից առաջ ենթադրություններ են արել, թե ԱՄՆ-֊ի նախագահը Իլհամ Ալիեւին հրավիրել է Վաշինգտոն՝ հորդորելու միանալ հակաիրանյան կոալիցիային՝ կանխելու համար Իրանի միջուկային ծրագրի իրագործումը, որի արդյունքում, ինչպես պնդում են արեւմտյան մասնագետները, Իրանը կարող է ատոմային ռումբ ստեղծել:

«Մենք խոսեցինք նաեւ այն մասին, որ աշխարհը ցանկանում է տեսնել ժամանակակից մահմեդական մի երկիր, որը հասկանում է, որ դեպի ապագա տանող ճանապարհը ժողովրդավարությունն է»,֊ - շեշտել է ԱՄՆ-֊ի նախագահը:

Իլհամ Ալիեւը հայտնել է լրագրողներին, որ ԱՄՆ-֊ի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Ես տեղեկացրեցի պարոն նախագահին բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին եւ հույս հայտնեցի, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:

«Ես շատ գոհ եմ իմ այցելությունից, որը, իմ կարծիքով, որոշիչ նշանակություն ունի Ադրբեջանի հետագա զարգացման համար: Իբրեւ արդի աշխարհիկ ժողովրդավարական պետություն՝ մենք կիսում ենք նույն արժեքները: Մենք երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին՝ քաղաքական գործընթացներին, մեր հասարակության ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, եւ պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ապագայում»,֊ - ասել է Իլհամ Ալիեւը:

Ջորջ Բուշը շնորհավորել է Իլհամ Ալիեւին եւ նրա տիկնոջը դստեր՝ Լեյլա Ալիեւայի ամուսնության առթիվ: Կիրակի օրը Բաքվի «Գյուլիստան» պալատում տեղի է ունենալու Ադրբեջանի նախագահի դստեր եւ ռուսաստանցի գործարար Էմին Ագալարովի հարսանիքը:

«Մեր լավագույն մաղթանքները ձեզ եւ առաջին տիկնոջը, եւ ամենակարեւորը՝ մեր լավագույն մաղթանքները ձեր դստերը»,֊ - եզրափակել է Ջորջ Բուշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG