Մատչելիության հղումներ

Ռոջեր Ռոբինսոնը «շահավետ» է համարում «Գույք՝ գազի դիմաց» գործարքը


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի գնահատմամբ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը՝ գազը չթանկացնելու դիմաց, «շահավետ գործարք է Հայաստանի համար»։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Ռոբինսոնը փոխանցեց, թե նման համոզման է հանգել այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը իրեն է փոխանցել «Գույք՝ գազի դիմաց» գործարքը հիմնավորող փաստաթղթերի փաթեթը։

Ըստ Ռոջեր Ռոբինսոնի, կառավարությունը եկող շաբաթ հանրային քննարկումներ է կազմակերպելու, որտեղ պարզաբանումներ ու հավելյալ հիմնավորումներ կտրվեն ռուսաստանյան ընկերության հետ կնքված գործարքի մանրամասների վերաբերյալ։

«Հասարակական լսումների անցկացումն ու մանրամասների պարզաբանումը կառավարության պարտականությունն է», - ասաց Ռոբինսոնը:

Հարցին, թե արդյո՞ք մտահոգիչ չէ, որ Հայաստանի գրեթե ողջ էներգետիկ կարողությունները իբրեւ մենաշնորհ հանձնվում են մեկ այլ երկրի, Ռոջեր Ռոբինսոնը ժխտական պատասխան տվեց՝ վկայակոչելով, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի փորձը, որտեղ կենցաղային ծառայություններ մատուցող ընկերությունները ամենեւին էլ ազգային ընկերություններ չեն։

«Շատ ավելի կարեւոր է, որ հզոր կարգավորող լինի, որը սահմանում եւ վերահսկում է հանրային ծառայությունների սակագները», - ասաց բանկի ներկայացուցիչը՝ հավելելով, թե Հայաստան էներգառեսուրսներ մատակարարող հիմնական երկիրը Ռուսաստանն է, եւ «ամեն ոք, ով խոսում է Հայաստանում էներգարտադրության մասին, պետք է գիտակցի այդ իրողությունները, որոնք հնարավոր չէ փոխել մեկ, երկու կամ երեք րոպեում»:

Ռոջեր Ռոբինսոնը այսօր փոխանցեց նաեւ, որ կառավարության պաշտոնյաները իրեն հավաստիացրել են, որ Իրան - Հայաստան գազամուղը «Գազպրոմ»-ի հետ կնքված գործարքի մաս չի կազմում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG