Մատչելիության հղումներ

Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում սկսվել է ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այս հավաքի շրջանակներում իր բուլղարացի պաշտոնակից Իվայլո Կալֆինի հետ արդեն ստորագրել է Բուլղարիայի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման մասին պայմանագիրը:

Հավաքի մասնակիցները քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի, հակամարտությունների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հնարավոր ընդարձակման խնդիրները: Այս առումով, էական սպասելիքներ ունեն ԱՊՀ երկու անդամներ՝ Ուկրաինան եւ Վրաստանը:

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 3աափ Դե Հոոփ Սխեֆերը հերթական անգամ դիվանագիտորեն ասել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են դաշինքին միանալու ցանկություն ունեցող եւ այդ նպատակով անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնող բոլոր երկրների առջեւ, սակայն ինքը որեւէ կոնկրետ ժամկետ նշել չի կարող: Մինչդեռ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր 3ուշչենկոն հույս է հայտնել, որ մինչեւ նոյեմբերին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը իր երկիրն արդեն կմիանա ՆԱՏՕ-ի անդամակցության գործողության ծրագրին:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը մի առիթով հույս էր հայտնել, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ մինչեւ 2009 թվականը, այսինքն՝ նախքան իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտը: ՆԱՏՕ-ին ցանկանում են միանալ նաեւ Վրաստանը, Խորվաթիան, Ալբանիան եւ Մակեդոնիան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG