Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Ախալքալակում տեղակայված ռուսաստանյան ռազմական բազայի դուրսբերմանը խոչընդոտող հայերի փորձերին՝ «Ազգ»-ը գրում է. - «Իրավիճակն այնպիսին է, որ հայերը, ակամա փորձելով պաշտպանել սեփական շահերը, հանդես են գալիս ընդդեմ վրաց պետության շահերի եւ կողմ ռուսական ներկայության: Այսինքն՝ որոշակի առումով հայ բնակչության իրավունքների պաշտպանության փորձերը տեղավորվում են ռուս-վրացական կոնֆլիկտային հարաբերությունների հարթության մեջ՝ բնավ չնպաստելով նույն այդ իրավունքների պաշտպանությանն ու ապահովմանը»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի՝ երեկ հրապարակած անցած տարվա գործունեության զեկույցին, նկատում է. - «Ամենաանմեղ հարցը, որ ծագում է, այն է, թե՝ իսկ ի՞նչ էր մտածում Լարիսա Ալավերդյանը, ասենք, 2004 թվականի կամ նույն 2005-ին, երբ նրա հարաբերությունները իշխանությունների հետ դեռ չէին փչացել, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Մարդու իրավունքների առաջին պաշտպանի դեմ դեմարշը չէր սկսել, երբ առաջին պաշտպանը, ըստ էության, իր կողմից այսօր քննադատվող իշխանությունների մի մասն էր կազմում: Մի խոսքով, կարող ենք ասել, որ հերթական անգամ գործ ունենք սեփական լիազորությունների կատարման հայկական տարբերակի հետ: Մարդկանց օգնելու եւ ապօրինությունների դեմ պայքարելու իր լիազորության ու պարտականության մասին հայ պաշտոնյան հիշում է միայն այն բանից հետո, երբ այդ ապօրինությունները գալիս հասնում են իրենց»:

«Առավոտ»-ի խմբագիրը առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին գրելով, թե առանց փողի նախընտրական պայքար սկսելն անիմաստ է՝ մտաբերում է. - «Բոլորս հիշում ենք, թե ինչպես 1999-ի խորհրդարանական ընտրություններում Ալրաղացի Լյովը, որի առաջին եւ վերջին կարդացած գիրքը հաստատ Այբբենարանն է, «ջախջախիչ հաղթանակ» տարավ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի եւ մի շարք հայտնի քաղաքական գործիչների հանդեպ»: Ինչ վերաբերում է ընդդիմության հնարավորություններին, Արամ Աբրահամյանը նշում է. - «Ընդդիմությունը գալիք խորհրդարանական ընտրություններում որեւէ շանս չունի, եւ նրան ինչ-որ տոկոսներ կգրեն, որպեսզի Եվրոպայի խորհուրդը շատ չբարկանա: Իհարկե, տեսականորեն ընդդիմությունը կարող է փողի այլընտրանքային աղբյուրներ գտնել՝ Հայաստանի սահմաններից դուրս: Բայց դա կլինի ամենավատ տարբերակը»:

«Ներկայումս Ռուսաստանում սկիզբ առած բռնարարքները, որքան էլ ցավալի եւ հրեշավոր լինեն, կարող են դառնալ այդ ավանդաբար՝ բարեկամական միջավայրում արագ ձուլման գործընթացի մեջ հայտնված մեր հայրենակիցների համախմբման եւ հայկական ինքնության պահպանման հզոր խթան», - գրում է «Հայոց աշխարհ»-ը։ - «Քանզի բավական է, որ յուրաքանչյուր նման բռնարարքից հետո իրենց վտանգված զգացող հայերը համախմբվեն՝ սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով, որպեսզի աստիճանաբար նրանց մեջ ձեւավորվի ու ամրապնդվի համայնքային կեցությանը բնորոշ հայապահպանության տարբեր ինստիտուտների ձեւավորման անհրաժեշտության գիտակցումը»։

Նույն թերթը, ընդգծելով, թե «լավագույն միջոցը ինքնապաշտպանությունն է», բխեցնում է. - «Պետք է համակերպվել նրա հետ, որ Ռուսաստանը սրընթաց փոխվում է, ավելի թշնամաբար տրամադրվում օտարազգիների նկատմամբ։ Հարկ է սովորել ապրել այդ պայմաններում»։

«Ազգ-ը գնահատում է. - «Ռուսաստանը ռուսների համար» ֆաշիստական կարգախոսը կարծես անհանգստություն չի պատճառում ռուսական իրավապահ մարմիններին: Այն ժամանակ, երբ սափրագլուխների բոլոր գործողությունները կրում են հրապարակային բնույթ, որպես կանոն տեղի են ունենում ականատեսների աչքի առաջ, ունեն հստակ ուղղվածություն, Ռուսաստանում իրավապահ կառույցները չեն կարողանում կամ չեն ցանկանում բացահայտել հանցագործներին, պատժել եւ ի վերջո վերջ դնել ֆաշիստական նկրտումներ ու դրսեւորումներ ունեցող սափրագլուխների շարժմանը»:

«Նույնիսկ նրանք, ովքեր ամենաբարյացակամ վերաբերմունքն ունեն Ռուսաստանի հանդեպ, հասկանում են, որ այդ երկիրը ապագա չունի», - խտացնում է «Գոլոս Արմենիի»-ին: - «Տնտեսական բոլոր ցուցանիշները միասին վերցրած ի վիճակի չեն թաքցնել երկրի ներքին թուլությունը, ի վիճակի չեն գլուխ հանել իրենց երիտասարդների մոտ արմատացած ֆաշիզմից, ապարտաիդից, շովինիզմից, քսենոֆոբիայից: Իհարկե մենք ցավակցում ենք սրիկաների ձեռքից զոհված մեր հայրենակիցների՝ այսպես կոչված սկինհեդների բոլոր զոհերի համար, բայց չէ՞ որ այդ 50 հազար պոտենցիալ մարդասպանները առաջին հերթին սպառնալիք են ռուսների եւ Ռուսաստանի ապագայի համար»:

Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի Երեւանի պետական համալսարան կատարած այցը «Հայկական ժամանակ»-ը դիտարկում է այլ տեսանկյունից. - «Հետաքրքիր էր ոչ միայն այն, թե ինչ էր ասում Ադամկուսը համալսարանի ներսում, այլ նաեւ այն, թե ինչ էր կատարվում մայր բուհի պատերից դուրս: Ադամկուսին ուղեկցող լիտվացի լրագրողները ագահաբար նկարահանում ու լուսանկարում էին մեզ համար բոլորովին սովորական դարձած պատկեր` համալսարանը շղթայված էր ոստիկաններով: Ընդ որում, համալսարանի գլխավոր մասնաշենքը փակված էր ընդհուպ մինչեւ Մելիք-Ադամյան փողոց... Պատկերը, որը մեզ համար արդեն սովորական է, իրականում սարսափելի է, եւ կողքից նայելու պարագայում հանկարծ կարող ենք հայտնաբերել, որ մեր «ուրիշ իրավիճակը» ավելի շատ հիշեցնում է խոր միջնադարը: Եվ սա ունի միայն մի բացատրություն` ինչպես է ընտրվում ՀՀ նախագահը»:

Նույն թերթի թղթակիցը Լիտվայի նախագահի հետ հարցազրույցում փորձել է ճշտել Վիլնյուսի խորհրդաժողովին Հայաստանի մասնակցության հարցը: Ի պատասխան Վալդաս Ադամկուսը ասել է. - «Ձեր նախագահը չնայած չի մասնակցում, սակայն միանշանակորեն ամբողջությամբ աջակցում է այդ նախաձեռնությանը, եւ ձեր երկիրը ներկայացված է լինելու խորհրդաժողովին` վարչապետի կամ արտգործնախարարի մակարդակով՝ նայած թե ում հարմար կգտնի նախագահը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG