Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղն այսօր Ադրբեջանի զարգացումը խոչընդոտող հիմնական խնդիրն է»


«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները, որպես գերտերություն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կաջակցի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, եւ հնարավոր կլինի վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատել», - երեկ Վաշինգտոնում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Ղարաբաղն այսօր Ադրբեջանի զարգացումը խոչընդոտող հիմնական խնդիրն է, այլապես մեր գործերը փայլուն են, բյուջեն բազմապատկվում է, էներգետիկ ծրագրերը` ընդարձակվում», - պարզաբանել է Ալիեւը Արտաքին հարաբերությունների խորհրդում:

Հարցին, թե Ալիեւի կարծիքով, ի՞նչ զիջումների կարող է գնալ պատերազմում հաղթած Հայաստանը, Ադրբեջանի նախագահը պատասխանել է. - «Նախ եւ առաջ, իմ կարծիքով, Հայաստանը պատերազմում չի հաղթել, Հայաստանը գուցե որոշ առավելությունների է հասել առաջին ճակատամարտում՝ այլ երկրների զգալի աջակցությամբ: Բոլորն էլ գիտեն, որ առանց ռուսական բանակի օգնության Հայաստանը երբեք ի զորու չէր լինի գրավել մեր տարածքները: Եվ այդ օգնությունը ճակատագրական դեր խաղաց: Այդուամենայնիվ, պատերազմը դեռ չի ավարտվել»:

«Կարծում եմ, ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն եւ փորձեն պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Հայաստանում 5, 10, 15 տարի անց՝ եթե հակամարտությունը չլուծվի: Ադրբեջանի ժողովրդի համբերությունը սահման ունի», - ասել է Իլհամ Ալիեւը:

«Ադրբեջանի ապագան բավական հստակ է: Ադրբեջանը դառնալու է ուժեղ, բարգավաճ երկիր՝ հզոր տնտեսությամբ եւ հասարակությամբ»:

Խաղաղությունը, ըստ Ադրբեջանի նախագահի, ձեռնտու է բոլոր կողմերին: Փոխզիջման դիմաց Հայաստանը կունենա հաղորդակցության ուղիներ, ելք դեպի Ռուսաստան, ինչը, ըստ Ալիեւի, Հայաստանի համար շատ կարեւոր է, կկարողանա մասնակցել տարածաշրջանային ծրագրերին եւ զարգացումներին: Lեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ ձեռք կբերի «խաղաղ եւ օրինական ապրելու իրավունք»:

«Մեր դիրքորոշումն այս հարցում հստակ է. հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում», - նշել է Ալիեւը եւ ներկայացրել հակամարտության լուծման իր տարբերակը. - «Lեռնային Ղարաբաղում ապրող հայերը իրավունք ունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ինքնավարության բարձր մակարդակ ունենալ, ինչը մենք տեսնում ենք բազմաթիվ այլ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում: Նրանց պետք է բավական հստակ քաղաքական երաշխիքներ տրվեն, որ խաղաղությունը տարածաշրջանում հավերժ է լինելու»:

Ելույթին ներկա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, թե «կարեւոր է հրաժարվել առկա խնդիրները միանգամից եւ վերջնականորեն լուծելու փորձերից». - «Այժմ հակառակ մոտեցումը պետք է գործի՝ քայլ առ քայլ առաջ ընթանալ եւ որոշ բարդ խնդիրներ թողնել ապագային»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG