Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն, այսօր հանդիպելու է ամերիկյան Կոնգրեսի ղեկավարության հետ:

Ադրբեջանի ղեկավարը նաեւ ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների խորհրդում:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ի վկայությամբ՝ իր այցի ընթացքում «Ալիեւը ձգտելու է հավաստիացումներ ստանալ ԱՄՆ-֊ից առ այն, որ Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում է գործադրվելու՝ Ղարաբաղի հարցում զիջումների հասնելու նպատակով»:

Նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը վստահություն էր հայտնել, որ «ԱՄՆ֊-ը անհրաժեշտ նրբանկատություն կցուցաբերի, եւ Ղարաբաղի խնդիրը կլուծվի»: Նա մանրամասնել է. - «Այլ պետությունների տարածքում խնդրահարույց իրավիճակների դեպքում ԱՄՆ֊-ը անհապաղ գործի է անցնում: Կարծում ենք, Ադրբեջանի դեպքում էլ կցուցաբերվի նույն նրբանկատությունը»:

Վաղը Իլհամ Ալիեւին կընդունի պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Զելիկը, որը փոխարինում է Եվրոպա մեկնած Քոնդոլիզա Ռայսին, իսկ ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահը կհանդիպի իր ամերիկացի պաշտոնակից Ջորջ Բուշի հետ:

Նախօրեին, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Սպիտակ տունը, քննադատելով Ադրբեջանի ղեկավարությանը ոչ արդար ընտրություններ անցկացնելու համար, հրավիրել Ալիեւին, պետդեպարտամենտի խոսնակ Ադամ Էրելին ասել է. - «Ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում մնում է մեզ համար կարեւոր հարց եւ մեր հարաբերությունների եւ երկխոսության կարեւոր մաս է կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG