Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայս. «Վաշինգտոնը աջակցում է Թուրքիային քուրդ գրոհայինների դեմ պայքարում»


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը երեքշաբթի օրը Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը աջակցում է Թուրքիային՝ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարում:

«Մենք անցյալում ձեզ հետ էինք ահաբեկչության դեմ պատերազմում, այսօր էլ ձեզ հետ ենք», - ասել է Քոնդոլիզա Ռայսը:

Թուրքիայի արտգործնախարարը, իր հերթին, նշել է, որ «Իրաքում ամերիկացիների առաջնորդած ռազմական դաշինքը եւ Իրաքի սեփական ուժերը ի զորու կլինեն արգելափակել Իրաքի տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների ներխուժումները Թուրքիա»: Գյուլը նաեւ ասել է, թե հակառակ վերջերս տարածված լուրերի, Անկարան մտադիր չէ լրացուցիչ զորամիավորումներ տեղակայել Իրաքի սահմանին:

Անդրադառնալով Իրանի խնդրին, ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Թուրքիայի արտգործնախարարը հույս են հայտնել, որ «այն հնարավոր է լուծել դիվանագիտական եղանակով»:

Երեկ ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունել են նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեթ Սեզերը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայից Քոնդոլիզա Ռայսը մեկնելու էր Բուլղարիա, որտեղ քննարկելու էր այդ երկրում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հնարավորությունը:

Նախքան Սոֆիա մեկնելը Քոնդոլիզա Ռայսը այսօր անսպասելի այցով ժամանել է Իրաք եւ միացել Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG