Մատչելիության հղումներ

Քոչարյանը շնորհակալություն է հայտնում Լիտվայի խորհրդարանին Ցեղասպանությունը ճանաչելու համար


Երեքշաբթի օրը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց Լիտվայի խորհրդարանին՝ անցյալ տարի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:

«Ընդհանրապես հարցը մեզ համար սկզբունքային հարց է եւ հարցը միայն պատմական բնույթ չի կրում, քանի որ այսօր մեր հարաբերությունները Թուրքիայի հետ ծանրաբեռնված են այս պատմական իրողությամբ, եւ, կարծում եմ, այսօր Ցեղասպանության ճանաչումը եւ սեփական պատմության հետ հաշվի նստելը չափազանց կարեւոր է ավելի նորմալ հարաբերություններ այսօր արդեն կառուցելու համար», - Վալդաս Ադամկուսի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ: Այցի ընթացքում քննարկվող հարցերի շրջանակը ընդգրկում է միջպետական կապերի ամրապնդումը, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջնային խնդիրների եւ ուղղությունների նախանշումը, այլ հարցեր:

Ասուլիսում նշվեց, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հայ- լիտվական գործարար համաժողով:

Քոչարյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Լիտվայի տրամադրվածության համար՝ աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին:

Լիտվայի նախագահը խոսեց տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության մասին. - «Մենք քննարկել ենք տարածաշրջանային ընդհանուր ծրագրերի հնարավորությունները: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մեր տարածաշրջանները միավորեն ջանքերը՝ ընդհանուր ավելի լավ ապագա կերտելու ուղղությամբ: Սա է, որ մենք անվանում ենք 3 + 3 բանաձեւ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG