Մատչելիության հղումներ

Հայաստանյան բիզնեսի առաջատարների ցանկում փոփոխություններ գրեթե չկան


Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը շաբաթավերջին հերթական անգամ հրապարակել է Հայաստանի առավել խոշոր 300 հարկատուների ցուցակը, որից հետեւում է, որ հայաստանյան բիզնեսի առաջատարների մեջ գրեթե փոփոխություն չկա. ցուցակի առաջին եռյակը վերստին գլխավորում են արտասահմանյան կապիտալով ընկերությունները։

Առաջատարը կրկին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինտն է. առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե է մուծել ավելի քան 5 միլիարդ դրամ։ Երկրորդը «ԱրմենՏել»-ն է, որը պետությանը վճարել է 3 միլիարդ 800 միլիոնի հարկեր։ Վերջապես, երրորդը «Հայռուսգազարդ»-ն է, որը մոտ 3 միլիարդ 200 միլիոն դրամ է փոխանցել բյուջե։

Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ, բացի խոշոր հարկատուների ցանկից, հարկային պետական ծառայությունը պատրաստում է ու առաջիկա օրերին կհրապարկի եւս մի քանի ցանկեր, որոնք վերաբերում են խոշոր ապառքատերերին, հարկային վնաս ցույց տված հարկատուներին, 3 միլիոն դրամից ավելի սոցիալական ապահովագրության վճար մուծողներին, 1 միլիոն դրամից ավելի շահութահարկ վճարող բանկերին։

Դառնալով հրապարակված ցանկին, հարկ է նշել, որ նրանում ընդգրկված քիչ ընկերություններ կան, որոնք շոշափելի կերպով բարձրացել են վեր կամ շարժվել հակառակ ուղղությամբ։ Այդպիսի ընկերություններից մեկը բջջային կապի երկրորդ օպերատորն է՝«Ղ-Թելեկոմ» ընկերությունը, որը անցյալ տարվա արդյունքներով, խոշոր հարկատուների ցանկում 15-րդն էր, այս նոր ցուցակում բարձրացել է 7-րդ հորիզոնականը։ Նույնպիսի թռիչք է ունեցել Որոտանի հիդրոկայանների կասկադը՝ 24-րդ տեղից բարձրանալով 12-րդ հորիզոնականը։

Դրան հակառակ, հարկատուների նախորդ ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող «Ֆլիդֆուդ» ընկերությունը, որը շարաքավազի ներկրման շուկայի մենատերն է, նոր ցուցակում ընդամենը 32-րդ ն է։

Բացի օրենքով նախատեսված ու հրապարակման ենթակա ցանկերից, հարկային պետական ծառայությունը այժմ կազմում է նաեւ «ներքին օգտագործման» մի ցանկ, որ վերաբերում է առավել անբարեխիղճ ու ստվերում աշխատող ընկերություններին: Ըստ Արմեն Ալավերդյանի, դրանց թիվն անցնում է հարյուրից:

«Խոսքը այն անբերախիղճ հարկ վճարողների մասին է, որոնց մասին մենք ունենք ծառայական բնույթի տեղեկատվություն, որ նրանք գործարքները չեն կատարել, բայց փաստաթղթեր են դուրս գրում», - պարզաբանեց Ալավերդյանը:

Հավանաբար, այս ընկերություններին պատժելու համար էլ շրջանառության մեջ է դրվել քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի օրենքի նախագիծ, որը պատժաչափերի զգալի խստացում է նախատեսում: Գործող քրեական օրենսգիրքը հարկերի վճարումից միտումնավոր խուսափելու դեպքում ընկերության ղեկավարների համար 2 տարվա ազատազրկում է նախատեսում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG