Մատչելիության հղումներ

Նախագահ Բուշը կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառը օգտագործելուց


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշն այս տարի եւս խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի իր ավանդական ուղերձում՝ 1915 թվականի իրադարձությունները որակելով «զանգվածային սպանություններ»:

«Մենք այսօր հիշում ենք 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ Օսմանյան կայսրության փլուզման օրերին մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները եւ բռնի արտաքսումը: Սա ողբերգություն է ողջ մարդկության համար, ինչը աշխարհը չպետք է մոռանա: Մենք սգում ենք պատմության այս սարսափելի էջի համար», - ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի ուղերձում, որը երեկ ուշ երեկոյան տարածել է Սպիտակ տունը:

Կրկնելով անցյալում արտասանած խոսքերը՝ նախագահ Բուշը գրում է. - «Մենք խրախուսում ենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը, այդ թվում՝ համատեղ հանձնաժողովների միջոցով: Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնել՝ անվտանգությունը ավելի լավ ապահովելու եւ եվրատլանտյան ընտանիքում ավելի խորը ներգրավվելու հարցում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

«Այսօր մենք հավատով ենք նայում դեպի Հայաստանի լուսավոր ապագան: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի ներգրավելը վկայում է, որ մենք համոզված ենք եւ կարեւորում ենք այն, որ Հայաստանը առաջընթաց ապահովի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ ազատ շուկայի զարգացման գործում: Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին եւ հույս ենք հայտնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները լուրջ քայլեր կձեռնարկեն այդ նպատակին հասնելու համար», - նշել է Ջորջ Բուշը:

«Հայկական հիշատակի օրը Լորան եւ ես խորը ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին: Խաղաղության, բարգավաճման, մեր եւ աշխարհի ժողովուրդների ազատությունները պաշտպանելու գործում մեր պետությունները միասնական են», - եզրափակել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը:

Հայերի արձագանքը ուղերձի նկատմամբ բացասական է:

«Նախագահը կրկին օգտագործեց ցեղասպանության բառարանային ձեւակերպումը, եւ մենք խորապես հիասթափված ենք, որ նախագահ Բուշը կրկին մեր ժողովրդին կոտորելու փորձը հստակ չորակեց ցեղասպանություն», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG