Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 22-ը ապրիլի)

«Այսօր ցեղասպանության չենթարկվելու, տարածքային կորուստներ չունենալու եւ ընդհանրապես անվտանգության գրավականը՝ անկախ, ժողովրդավարական պետություն ունենալն է: Պարզ է, որ այդ ցանկալի երկու բնորոշումները մեր պետությանը հատուկ են միայն որոշ չափով: Այնինչ, անկախ եւ ժողովրդավարական լինելը ոչ միայն ԱՄՆ-ի կամ, ասենք, ԵԽ-ի պահանջն է, այլեւ, առաջին հերթին, ազգային պրագմատիզմի: Իսկ մեր իշխանավորները պրագմատիկ են միայն իրենց աթոռի եւ գրպանի առումով, եւ հենց դա է նրանց ստիպում տրվել Ռուսաստանին եւ երկրի ներսում ճնշել ազատությունը»,֊ - խմբագրականում գրում է «Առավոտ»-֊ը: - «Կենցաղային լեզվով այդ դասերը կարելի է ձեւակերպել այսպես. այնտեղ, որտեղ կարող ենք կռվել, որտեղ շանսեր ունենք հաղթելու՝ կռվենք: Որտեղ պարզ է, որ առայժմ շանսեր չունենք՝ բանակցենք, դիվանագիտություն կիրառենք եւ այլն: Այլ կերպ ասած՝ մեր առաջ իրականանալի խնդիրներ դնենք: Երբ խնդիրները դառնում են մաքսիմալիստական, «ծովից ծով»՝ վտանգ է առաջանում կորցնել այն, ինչ ունենք: Ոչ մեկին չվստահենք՝ տրվելու աստիճանի: Պատրանք չունենանք, որ, մասնավորապես, Ռուսաստանը մեր փոխարեն կլուծի մեր խնդիրները: Ցանկացած երկիր մեր դաշնակիցն է այն չափով, որքանով լուծում է իր խնդիրները: Այդ տարրական բաները հասկանալով՝ կարելի է առաջ գնալ: Չհասկանալով՝ հետ ենք գնալու»:

«Հայոց աշխարհ»֊ը փաստում է. - «Թուրքիայում նկատվում է շեշտադրումների որոշակի, խիստ զգուշավոր փոփոխություն՝ Հայոց ցեղասպանության խնդրի, Հայաստանի սահմանների բացման ԱՄՆ-֊ի պահանջի եւ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների ողջ թնջուկի հանդեպ։ Թուրքիան փորձում է առերեւույթ մեղմացնել իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ ու դրանով իսկ մեղմել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի ու ընդհանրապես Հայկական հարցի սրությունը միջազգային ասպարեզում։ Նման պայմաններում Հայաստանը եւ հայ դիվանագիտությունը կարող են մեծապես շահել, եթե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ Թուրքիայի հանդեպ հայ ժողովրդի օրինական պահանջների հետապնդումը շարունակելու համար Սփյուռքում առաջիկայում ձեւավորվի ցեղասպանության ենթարկված ողջ արեւմտահայության շահերն արտահայտող եւ պահանջները հետապնդող մի համազգային մարմին»։

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Ստեփան Ստեփանյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլեւս դառնում է ինքնանպատակ՝ եթե առաջ չի քաշվում պահանջատիրության հարցը. - «Եթե ինձ հարցնեք, թե ինչքա՞ն պիտի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ես կասեմ՝ 18 պետություն ճանաչել է, հերիք չէ՞: Հո ամբողջ աշխարհը չի՞ ճանաչելու: Մանավանդ, որ ճանաչողների մեջ կան գերտերություններ: Ճանաչումն, իհարկե, կշարունակվի, բայց, իմ համոզմունքով, այսքան պետություն որ ճանաչել են, քիչ չէ: Հիմա պետք է անցնել հիմնահարցի մյուս մասին, այլապես ցեղասպանության ճանաչումը դառնում է ինքնանպատակ: Թուրքիան երբեք չի ճանաչի, հետեւաբար եղածը պետք է օգտագործել ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար»:

Նույն թերթը ներկայացնում է մեկ այլ պատմաբանի՝ Ռաֆայել Համբարձումյանի կարծիքը. - «Ցեղասպանությունն իրականացրել են Ռուսաստանը եւ Թուրքիան: Ռուսաստանը հայերի անմեղ արյունը միշտ էլ օգտագործել է իր նվաճողական նպատակների համար: Եթե Թուրքիան իր այսօրվա սահմաններով գոյություն ունի, ապա միայն Ռուսաստանի ջանքերով»:

«168 ժամ» թերթում «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը կարծիք է հայտնում. - «Տարիների փորձը ընդդիմությանը ստիպեց վերանայել իր մարդավարությունը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Այս երկրում իշխանափոխության հասնելու միայն մի ձեւ կա՝ պատրաստվել ընտրություններին: Ուրիշ ձեւ չկա»:

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը «Հայոց աշխարհ»֊-ում փաստում է, որ «Արդարություն» դաշինքը ակտիվ գործողությունների կոնկրետ ժամկետների հետ կապված որեւէ ծրագիր այսօր չունի:

«Առավոտ» թերթը մեջբերում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքը. - «Քաղաքական դաշտը Հայաստանում մի կաթսա է, «վինեգրետ», որտեղ եփվում են տարաբնույթ, երբեմն իրարամերժ բաղադրիչներ: Բնականաբար, տարիների ընթացքում այդ կաթսայի մեջ ավելանում են ինչ֊-որ բաղադրիչներ: Եվ կախված նրանից, թե որ բաղադրիչն է գերակշռում քաղաքական այս կաթսայում՝ այդպիսին էլ տվյալ ժամանակահատվածում երկրի պատկերն է:

«Վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը «Հայոց աշխարհ»֊-ին ասել է. - «Բոլոր քաղաքական ուժերը, կարծես թե, կարեւորում են ժողովրդավարության հաստատումը Հայաստանում, իսկ ժողովրդավարությունը, առաջին հերթին, հենց արդար ընտրությունների միջոցով է իրականացվում: Այդ հնարավորությունը, ցավոք սրտի, մեր հասարակությունը վերջին 10 տարիների ընթացքում չի ունեցել, եւ հիմա էլ վստահություն չկա՝ կտրվի՞ նրան նման հնարավորություն, թե՞ չի տրվի»:

Ստեփանակերտից վերադարձած «Առավոտ»-֊ի թղթակիցը փաստում է. - «Ղարաբաղի ղարաբաղցին շատ է տարբերվում Հայաստանի ղարաբաղցուց՝ այնպես, ինչպես այնտեղ պատրաստված ժինգյալով հացը՝ այստեղ պատրաստածից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG