Մատչելիության հղումներ

Հայ գիտնականը առաջընթաց է արձանագրում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում


Տարեցտարի ավելանում է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող պետությունների թիվը, եւ, ինչպես նշում է Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ գոնե այդ հարցում, իրոք, առաջընթաց կա:

«Իհարկե, այն, որ Գերմանիայի պես երկրում Բունդեստագը քննարկեց եւ, փաստորեն, ընդունվեց ցեղասպանության հարցը, ես համարում եմ մեծ առաջընթաց: Ճիշտ է, ցեղասպանություն բառը չօգտագործվեց, բայց նկարագրական մասը լրիվ ապացուցում էր, որ Գերմանիան, փաստորեն, համաձայն է, որ այս բանը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով, այժմ աշխատանք է տարվում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչի նաեւ Չեխիան: Թուրքիայում օրերս ցուցադրվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը:

«Այնուամենայիվ, ինչ-որ քննարկումներ եւ աշխատանքներ գնում են», - նշում է Անուշ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ երկրների հասարակական լայն կարծիքը, ըստ փորձագետի, այնուամենայնիվ, ճանաչում է եւ գիտե, թե ինչ է տեղի ունեցել: Եվ հիմա, նրա համոզմամբ, գալիս է հարցին իրավական լուծում տալու փուլը:

«Կարծիքներ կան, թե պետք է Հաագայի միջազգային դատարան ներկայացնել փաթեթ, սակայն պետք է շատ լուրջ եւ զգույշ մոտենալ հարցի իրավաբանական ներկայացմանը, ճիշտ ընտրել պահը, լավ պատրաստված լինել եւ ներկայացնել այնպիսի մի փաթեթ, որը չմերժվի», - եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը:

Ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են աշխարհի 19 երկրներ, Եվրամիությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Վատիկանը։


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG