Մատչելիության հղումներ

Արամ Կարապետյանի թիկնապահներն ու վարորդները ազատ են արձակվել


Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ» կուսակցությունը օրվա երկրոր կեսին տարածած հայտարարությամբ տեղեկացրել է, որ «ԱԱԾ-ից (Ազգային անվտանգության ծառայությունից) ազատ են արձակվել կուսակցության նախագահի թիկնազորի տղաներն ու վարորդները»:

«Վերջիններից ներողություն են խնդրել ու խոստացել են ՀՀ Ոստիկանության կողմից օրինական ճանապարհով նրանց տրված գազային ատրճանակները վերադարձնել երեքշաբթի օրը», - ասված է հայտարարությունում:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ, մինչդեռ, ասվում է. - «Ապրիլի 21-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները «Ազգային անվտանգության ծառայության մասին» գործող օրենքի համաձայն, ստուգելով «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար, նորաթուխ հեղափոխական Արամ Կարապետյանի թիկնապահների մոտ զենքի առկայության մասին օպերատիվ տվյալները, բերման է ենթարկել նրանցից 6-ին: Թիկնապահներից երկուսը փորձել են ցուցաբերել դիմադրություն»:

Կարապետյանը, սակայն, պնդում է, որ ԱԱԾ-ն «շատ լավ» գիտի, թե իրենց մոտ ինչ կա:

«Նոր ժամանակներ» կուսակցությունը ԱԱԾ հայտարարության մեջ «նորաթուխ հեղափոխական» արտահայտության առկայությունը համարում է քաղաքական գործընթացներին ուժային կառույցների անօրինական միջամտության «եւս մեկ ապացույց»:

Արամ Կարապետյանի համոզմամբ, այս գործողության նպատակը իրեն ահաբեկելն է, քանի որ իրենք ապրիլի 28-ին բողոքի հանրահավաք են ծրագրել ԱԱԾ շենքի մոտ՝ Գորիկ Հակոբյանի հրաժարականի պահանջով: Ծրագրել են նաեւ հայաստանյան մամուլում հրապարակել ԱԱԾ-ին հասցեագրված բաց նամակներ, որոնք, Կարապետյանի ձեւակերպմամբ՝ վերաբերում են իր ղեկավարած «կուսակցության եւ ազգային անվտանգության ծառայության գործառույթներին»:

«Հարցեր էին տրվելու՝ արդյո՞ք եղել էին գործակալներ՝ ներդրված «Նոր ժամանակներ» կուսակցության մեջ, արդյո՞ք նրանք ֆինանսավորվել են, որպեսզի կուսակցությունը պառակտեն», - հարցերից մի քանիսը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրեց Արամ Կարապետյանը:

Նա հավաստիացրեց, որ ինքը, այսօր կատարվածով հանդերձ, հրապարակելու է բաց նամակը: Ուժի մեջ նաեւ ապրիլի 28-ի հանրահավաքը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG