Մատչելիության հղումներ

Օսկանյանն ու Մամեդյարովը կարճատեւ հանդիպում են ունեցել Մոսկվայում


Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր կարճատեւ հանդիպում են ունեցել Հայաստնի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը:

Երկու պաշտոնակիցները, ովքեր մասնակցում էին ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, Էլմար Մամեդյարովի խոսքերով, ունեցել են «շատ կարճատեւ զրույց»:

Ադրբեջանի արտգործնախարարը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում փոխանցեց, որ զրույցի ընթացքում Օսկանյանն ու ինքը համաձայն են, որ Մինսկի խմբի «նոր առաջարկները դրանց շուրջ աշխատելու հնարավորություն են տալիս»:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ հակիրճ քննարկեցինք, որ, անշուշտ, կան որոշակի տարրեր, որոնք մենք չենք կարող ընդունել», - ավելացրեց, այդուհանդերձ, Մամեդյարովը: - «Մենք համարում ենք, որ պետք է շարունակել բանակցությունները եւ պետք չէ հուսահատվել»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ են քննարկելու Իլհամ Ալիեւն ու Ջորջ Բուշը Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում՝ Մամեդյարովը շրջանցեց սուր հարցերը: Ասենք, Իրանի առնչությամբ նա ասաց, թե Իրանը «այսօր Ադրբեջանի համար շատ կարեւոր երկիր է», որ «Բաքուն ու Թեհրանը համագործակցում են»:

Իսկ, օրինակ, հարցը, թե հակաիրանական կոալիցիա ձեւավորվելու դեպքում Բաքում կմիանա՞ դրան, Մամեդյարովը «հիպոթետիկ» որակեց ու, բնականաբար, կոնկրետ պատասխան չտվեց:

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, Վաշինգտոնում Ալիեւն ու Բուշը «նախ եւ առաջ» քննարկելու են Ղարաբաղի խնդիրը, նաեւ՝ էներգետիկ անվտանգության ու անկախության հարցերը, Բաքու - Ջեյհան նավթամուղին, Բաքու - Էրզրում գազամուղին առնչվող հարցեր, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ի պատասխան Լեռնային Ղարաբաղում 15 տարի հետո հանրաքվե անցկացնելու առաջարկին վերաբերող հարցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ասաց. - «Այդ հանրաքվեն չի նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում: Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տրամադրել ցանկացած տեսակի ինքնավարություն, սակայն՝ միմիայն Ադրբեջանի կազմում»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG