Մատչելիության հղումներ

Երիտասարդ ստեղծագործողների մրցույթ


«Երբ առաջարկեցի կինոերաժշտության ժանրը, գործընկերներս շտապեցին ինձ զգուշացնել, որ ոչինչ դուրս չի գա՝ Հայաստանում կինոերաժշտության ասպարեզն այսօր ընդհանրապես մեռած վիճակում է: Բայց ես ներքուստ համոզված էի, որ շատ տաղանդավոր երիտասարդների սա կհետաքրքրի: Բացի այդ՝ ինչ-որ քայլ կարվի Հայաստանում կինոերաժշտության զարգացման ու խթանման ուղղությամբ: Զարեհ Ճգնավորյանի «Արեւի մարող ցոլքերը» ֆիլմից մի հատված ընտրեցինք ու մրցույթի մասնակիցներին հանձնարարեցինք դրա երաժշտական ձեւավորումը: Արդյունքն ավելին էր, քան ես սպասում էի: Այս երիտասարդները փաստորեն առաջին անգամ էին կինոերաժշտություն ստեղծում, եւ նրանց մոտ դա միանգամայն լավ ստացվեց», - ասում է ամերիկահայ կոմպոզիտորը:

Ջոն Հոդյանին տխրեցնում է, որ Հայաստանում քիչ է նկատվում յուրօրինակ, ժանրային սահմաններից դուրս երաժշտություն ստեղծելու ձգտումը, շատ է էժան փոփ երաժշտությունն ու արեւմտյան փոփի կրկնօրինակումը: Մինչդեռ Արեւմուտքում, նրա խոսքով, ներկայումս հակառակ պատկերն է. երիտասարդ ստեղծագործողները ձգտում են իրենց երաժշտությամբ ամեն կերպ տարբերվել, չեն վախենում իրենցը գտնելուց, ժանրից շեղվելուց, նորը փորձարկելուց ու տարբեր ոճեր համադրելուց:

«Բայց չէ՞ որ հայերն ունեն հրաշալի, գեղեցիկ ազգային երաժշտություն, դասական անկրկնելի հարուստ ժառանգություն, վերջապես, արտիստիկ բնույթ ու ոգի: Հուսով եմ, որ այս արագ ու կտրուկ փոփոխվող երաժշտության աշխարհում եւ դրսից տարատեսակ ազդեցությունների ներմուծման պայմաններում հայկական երաժշտությունը եւ առհասարակ մշակույթը չի վերածվի մեծածախ ապրանքի, այլ կպահպանի իր սեփական մշակույթի ժառանգական գեղեցկությունը՝ փնտրելով ու գտնելով նոր տեխնոլոգիաների միջոցով արտահայտվելու ձեւեր», - ասում է կոմպոզիտորը:

Հայ երաժշտասերներին մրցույթի հաղթողները իրենց ստեղծագործությունները կներկայացնեն այսօր եւ վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG