Մատչելիության հղումներ

logo-print

Ղարաբաղյան լսումներ Արցախի խորհրդարանում


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում այսօր առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բաց լսումներ են կազմակերպվում:

2001-ի գարնանը՝ Քի Ուեստից առաջ, խորհրդարանում փակ քննարկում եղել է, որի ընթացքում ԼՂՀ-ի արտգործնախարարը պատգամավորներին որոշակի տեղեկությունն էր հաղորդել բանակցային գործընթացի մասին:

Ներկա լսումներին մասնակցելու են Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, պատգամավորներ Հմայակ Հովհաննիսյանը եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հրավիրվել են նաեւ փորձագետներ: Լսումներին չի մասնակցելու որեւէ միջազգային կառույցի ներկայացուցիչ:

Լսումների ավարտին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ներկայացված խումբ-խմբակցությունները հանդես են գալու հայտարարությամբ, որին հետագայում կարող են միանալ նաեւ արտախորհրդարանական կուսակցությունները: Խորհրդարանականներն այդ հայտարարությամբ արտահայտելու են իրենց մոտեցումները բանակցությունների, մասնավորապես՝ հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկվող մոտեցումների վերաբերյալ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, փաստն այն է, որ «բանակցային գործընթացի 12 տարիներին Լեռնային Ղարաբաղը միշտ էլ ունեցել է Հայաստանից տարբերվող դիրքորոշում՝ կարգավորման մեթոդաբանության, սկզբունքների եւ պարամետրերի հարցում»:

«Այդ տեսակետները երբեմն սուր կամ ավելի մեղմ են արտահայտվում՝ կախված բանակցային գործընթացի զարգացումներից, բայց դրանք միշտ էլ եղել են եւ կան», - նշեց Վահրամ Աթանեսյանը:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG