Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Ես հուսով, որ 2007-ի ընտրությունները արդար կլինեն»


Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը հուսով է, որ 2007 թվականին Հայաստանում հնարավոր կլինի ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

«Ես հուսով եմ, որ կլինի», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննիսյանը՝ բացատրելով, որ, ի տարբերություն ընդդիմության, ինքը հավատում է, որ արդար ընտրությունների անցկացումը հնարավոր է:

Վահան Հովհաննիսյանի խոսքերով, Դաշնակցությունը 2007-ի ընտրություններից հետո, անշուշտ, ներկայացված կլինի խորհդարանում:

Նա ասաց նաեւ, որ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ՝ առանց որեւէ այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմելու: Իսկ 2008-ի նախագահական ընտրություններին Դաշնակցությունը հանդես է գալու սեփական թեկնածուով:

Ազգային ժողովի փոխնախագահի կարծիքով, հաջորդ խորհրդարանական ընտրությունները «սուր» են լինելու, անգամ՝ «արտասովոր սուր», քանի որ դրանից հետո նախագահ է փոխվելու: Եվ որպեսզի Հայաստանը չհայտնվի Բելառուսի վիճակում, որպես ազատ ընտրությունների երաշխավոր պետք է հանդես գան ե’ւ երկրի նախագահը, ե’ւ կառավարությունը, ե’ւ Ազգային ժողովը:

«Մենք, օրինակ, պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարել ընտրատեղամասերում, որպեսզի խարդախություն չլինի», - հավաստիացրեց նա: - «Բայց նրանց, ովքեր փորձելու են խարդախություններ անել, պետք է որոշ ատյաններ զգուշացնեն, որ խարդախությունը չի ներվելու, եւ ամենադաժան ձեւով չի ներվելու»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Վահան Հովհաննիսյանը այսօր առաջնային որակեց Լեռնային Ղարաբաղի միջազգային (ոչ թե միջպետական, այլ տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական) ճանաչման հարցը:

«Օրակարգային առաջին հարցի տեղը (Ադրբեջանի հետ բանակցությունների փոխարեն) պետք է զբաղեցնեն Հայաստանի եւ հայության ջանքերը միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղը այս կամ այն ձեւով ճանաչել տալու ուղղությամբ», - հայտարարեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG