Մատչելիության հղումներ

Երեւանի պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողի մահվանը հետեւել է բողոքի ակցիա


Հինգշաբթի կեսօրին մոտ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին Երեւանի Քանաքեռ- Զեյթուն ոստիկանության բաժնից, Զեյթուն թաղամասում գնտվող ուսանողական հանրակացանի շենքի 6-րդ հարկից վայր է ընկել եւ հիվանդանոցում մահացել է Երեւանի պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող, 20-22-ամյա Պրաշանտ Անճալիան:

Երեւանի բժշկական համալսարանի մի քանի տասնյակ հնդիկ ուսանողներ ցույց էին կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ՝ «Պրեզիդե’նտ, օգնե’ք» պահանջով:

Խնդիրն այն է, որ միջադեպից հետո (դեռեւս, ի դեպ, հստակ չեն միջադեպի հանգամանքները) բավական երկար ժամանակ Անճալիային որեւէ օգնություն չի ցուցաբերվել:

Բողոքող ուսանողների պնդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիականները, ինչպես նաեւ ԵՊԲՀ-ի արտասահմանցի ուսանողների դեկանը ոչինչ չեն ձեռնարկել: «Շտապօգնության» մեքենան եկել է 45 րոպե ուշացումով՝ առանց որեւէ սարքավորման, ինչի արդյունքում էլ, ըստ ուսանողների, մահացել է Պրաշանտ Անճալիան:

Հնդիկ ուսանողները, ովքեր պատրաստվում էին ցույցը շարունակել նախագահի նստավայրի մոտ, պահանջում են բոլոր պատասխանատուների, այդ թվում՝ ԵՊԲՀ-ի ռեկտորի հրաժարականը:

Բողոքողների 5 հոգիանոց պատվիրակության ընդունել է Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը՝ ով խոստացել է, որ կհանդիպի ռեկտորի եւ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ պարզելու միջադեպի իրական պատճառները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG