Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ում քաղաքագետ Լեւոն Զուրաբյանն ասում է. - «Բուզանդի փողոցի բնակիչների ունեցվածքի օտարմանը վերաբերող բոլոր ակտերը ընդունվել են Սահմանադրության փոփոխությունից առաջ: Այդ ժամանակաշրջանում, համաձայն Սահմանադրության 28 հոդվածի, որեւէ օտարում կարող էր կատարվել միայն օտարման ցանկացած մասնավոր դեպքի համար ԱԺ-ի ընդունած հատուկ օրենքի հիման վրա: Քանի որ Բուզանդի բնակիչների գույքի օտարումը կատարվել էր առանց Ազգային ժողովի, դա Սահմանադրության բացահայտ խախտում է: ՍԴ-ում սա՛ պետք է դառնար քննարկման մեխը, եւ գործին վերաբերող բոլոր ակտերը, որոնք կապված են Բուզանդի փողոցի բնակիչների սեփականության օտարման հետ, պետք է ճանաչվեին Սահմանադրությանը չհամապատասխանող, ունեցվածքը վերադարձվեր տերերին, եւ հատուցվեին նրանց կրած բոլոր վնասները: Իշխանությունները այլ կերպ վարվեցին. կեղծելով՝ փոխեցին Սահմանադրությունը եւ հանեցին օտարման համար մասնավոր օրենքների անհրաժեշտությունը՝ այդպիսով վերացնելով սեփականության անձեռնմխելիությունը ապահովող այս երաշխիքը: Այսինքն՝ իրենց գործողությունները Սահմանադրությանը հարմարեցնելու փոխարեն կատարեցին ճիշտ հակառակը եւ Սահմանադրությունը հարմարեցրին իրենց հակասահմանադրական գործողություններին»:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է Սահմանադրական դատարանի որոշման «իմաստն» ու «հմայքը». - «Որոշման իմաստն այն է, որ Երեւանի Կենտրոն համայնքի կառուցապատումը, այդտեղի իրենց տներից ՀՀ քաղաքացիների վտարումները կատարվել են միանգամայն հակասահմանադրական, ասել է թե՝ ապօրինի եղանակներով: Բայց որոշման ողջ հմայքն այն է, որ ըստ դրա, մենք բոլորս պետք է տեղի ունեցած ապօրինությունները ընդունենք այնպես, ինչպես դրանք կան, համակերպվենք դրանց հետ եւ չմտածենք անգամ դրանք վերացնելու ուղղությամբ»:

«Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որով արձանագրվեց, որ Երեւանի կենտրոնում իրենց տներից մարդկանց վտարելու՝ կառավարության որոշումները հակասահմանադրական են, ըստ էության, ոչինչ չտվեց: Համենայն դեպս՝ քաղաքացիների կրած վրասները փոխհատուցելու մասին Սահմանադրական դատարանի որոշման մեջ ոչ մի բառ չկար: Այլ կերպ ասած՝ տուժածները ընդամենը բարոյական հաղթանակ տարան»: Թերթը այսպիսի համեմատություն է բերում. - «Հիմա պատկերացնեք՝ շուկայում ոստիկանը հենց հանցանքի վայրում բռնում է գրպանահատին, տուժողի ներկայությամբ նրան մի լավ ամոթանք տալիս («բա չես ամաչո՞ւմ, էլ այդպիսի բան չանես») ու բաց թողնում՝ մոռանալով ստիպել վերադարձնել գողացածը: Չգիտենք՝ կարելի՞ է սա արդարադատություն անվանել, թե՞ ոչ, բայց որ տուժողներին ոստիկանի տված ամոթանքը չի գոհացնի՝ դա հաստատ: Չէ՞ որ նրանց ունեցվածքը ոչ թե «բարոյապես» է խլվել, այլ՝ ուղղակի իմաստով»:

«Ծափահարություններ Սահմանադրական դատարանում: Երեք հարությունյաններ՝ բազմաթիվ հարցեր: Օմբուդսմենը հաղթեց կառավարությունում, իսկ ի՞նչ շահեց ժողովուրդը». - ահա այսպիսի վերնագրի ու ենթավերնագրերի ներքո «Գոլոս Արմենիի»-ին ներկայացնում է անպատասխան հարցերի շարան. - «Ի՞նչ տվեց սեփականատերերին Սահմանադրական դատարանի վճիռը: Կարո՞ղ են նրանք պետությունից պահանջել վերադարձնել գոնե փոխհատուցումներից պահված եկամտահարկի 10 տոկոսի գումարները: Հակասահմանադրական ճանաչված կառավարության որոշումները ինչո՞ւ են ուժի մեջ մնում մինչեւ հոկտեմբերի 1-ը: Արդյո՞ք նախկինի պես մարդիկ դատարանների որոշումներով դուրս կշպրտվեն իրենց տներից: Կընդունե՞ն արդոք խորհրդարանականները նոր օրենք մինչեւ հոկտեմբերի 1-ը: Արդյո՞ք օրենքը կընդունեն նրանք, որոնց թվում շատ ներդրողներ կան»... Անպատասխան հարցերը թերթն ավարտում է այսպես. - «Եվ ի՞նչ կանի մեր Սահմանադրական դատարանը, եթե օրենքը չընդունեն: Մի՞թե ամբողջ կազմով հրաժարական կտա»:

«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով ադրբեջանական եւ հայկական կողմերից մերթընդմերթ հնչող անհանդուրժողական արտահայտություններին, նկատում է. - «Ցավոք, թե’ Ադրբեջանում, թե’ Հայաստանում պաշտոնական գաղափարախոսությունը հիմնված է «էթնիկական անհամատեղելիության» թեզի վրա: Եթե մեր երկու էթնոսները անհամատեղելի են, ապա կամ մենք պետք է նրանց ոչնչացնենք, կամ նրանք՝ մեզ: Բայց, քանի որ դա գործնականում անհնարին է, ուրեմն պետք է գտնել համակեցության մոդուսներ: Իսկ դրանք հնարավոր չէ գտնել՝ իրար ամբողջությամբ մերժելով»: «Այդ իրավիճակը հնարավոր է շտկել, փոփոխել, բարելավել: Իսկ դրա համար երկուստեք պետք է կամք եւ խիզախություն», - ամփոփում է Արամ Աբրահամյանը:

«Ազգ»-ը, վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներ, հայտնում է. - «Քննարկվում է Երեւանի կառավարման համակարգին առնչվող երկու հիմնական տարբերակ: Առաջին տարբերակով նախատեսվում է մայրաքաղաքի 13 համայնքները խոշորացնել եւ դարձնել 8: Այնուհետեւ ընտրովի դարձնել ինչպես քաղաքապետի, այնպես էլ համայնքապետների պաշտոնները: Երկրորդ տարբերակով առաջարկվում է քաղաքապետի պաշտոնը դարձնել ընտրովի, իսկ համայնքապետներինը՝ նշանակովի՝ այսպիսով դիտարկելով մայրաքաղաքը որպես մեկ միասնական մարմին»: «Ընտրովի քաղաքապետ, ընտրովի համայնքապետներ տարբերակը նախընտրելի է իշխանությունների համար», - եզրակացնում է մեկնաբանը՝ պարզաբանելով. - «Մենք ունենում ենք մասնատված մայրաքաղաք՝ քաղաքապետի եւ համայնքապետների լիազորությունների եւ շահերի հակասությունների մեջ խճճված, առանց իշխանության ուղղահայաց ենթակայության, հետեւաբար՝ առանց կոնկրետ պատասխանատվության: Սա գուցե լավ է իշխանության, բայց աղետալի կլինի մայրաքաղաքի համար: Կշարունակվեն քաղաքաշինական ներկայիս խառնաշփոթը, կանաչ տարածքների հոշոտումը, աղբահանության, տրանսպորտի խայտառակ վիճակը, ինչի համար պատասխանատվությունը քաղաքապետն ու համայնքապետները, ինչպես հիմա, կգցեն միմյանց վրա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG