Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը չորեքշաբթի օրը կրկին ասաց, որ Ադրբեջանը «այսօր պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման»՝ հավելելով. - «Սա այն դեպքն է, երբ ես ցանկանում եմ սխալվել»:

Ղուկասյանը լրագրողների հարցերին պատասխանեց Լեռնային Ղարաբաղում այսօր ավարտված հրամանատարաշտաբային զորավարժություններից հետո:

Հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի իշխանություններին բավարարում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը բանակցություններում, Ղուկասյանը պատասխանեց. - «Կողքից միշտ թվում է, որ դու ավելի շատ կանեիր, ու սա շատ սուբյեկտիվ մոտեցում է: Մենք անվստահության հիմքեր չունենք: Մենք գտնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բանակցային պրոցեսում փորձում է անել այն, ինչ հնարավոր է: Բայց դա միակողմանի պրոցես չէ... Խոսքը այստեղ անվստահության մասին չէ՝ էֆեկտիվության մասին է»:

«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղի մասնակցությունը ավելի էֆեկտիվ կդարձնի պրոցեսը եւ ավելի բնական կընդունվի միջազգային հանրության կողմից», - հավելեց նա:

Զորավարժություններին ներկա էր նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով «նորմալ» գնահատեց դրանց ընթացքը:

Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները բանակցային գործընթացը ձախողելու փորձ չէ, նախարարը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ ձախողելու... Երեւի պրոպագանդիստական նպատակներ հետապնդում են, որովհետեւ մենք երբեք չենք խախտում հրադադարի պայմանները. մենք ընդամենը պատասխանում ենք»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջիկա պաշտոնական այցին Միացյալ Նահանգներ եւ դրա հնարավոր ազդեցությանը բանակցային գործընթացի վրա, Սերժ Սարգսյանը ասաց. - «Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորելու է Ալիեւին խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»:


Կարինե Քալանթարյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG